Մատչելի հղումներ

ՄԱԿ-ի տեսուչները մեկնարկել են Սիրիայի քիմիական զինանոցի ոչնչացման աշխատանքները


Տեսուչների առաջնահերթությունն է մինչև նոյեմբերի 1-ի վերջնաժամկետը երաշխավորել, որ Սիրիան այլևս չի ունենալու քիմիական զենքի արտադրության և առաքման հնարավորություն

Միջազգային տեսուչները երեքշաբթի օրը ժամանել են Սիրիա՝ մեկնարկելու համար երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի վերահսկողության տակ գտնվող քիմիական զենքի պաշարների ստուգման և ոչնչացման աշխատանքները:

Հարևան Լիբանանից տեսուչներին տեղափոխող 20 մեքենա Սիրիայի հետ սահմանը հատել է երեքշաբթի օրվա սկզբին՝ ուղևորվելով Դամասկոս, որտեղից թիմը մեկնարկելու է մոտ 1000 տոննա քիմիական զենքերի հայտնաբերման, ապամոնտաժման և ոչնչացման բարդ աշխատանքները:

Սիրիան քիմիական զենքից մինչև 2014 թվականի կեսերն ազատելու առաքելությունը կլինի նման առաքելություններից ամենածավալունն ու ամենավտանգավորը: Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետների համաձայն, սա ամենակարճ ժամկետն է, որը երբևիցե հատկացվել է՝ որևէ պետությունում քիմիական զենքի ոչնչացման նպատակով, ինչպես նաև նրանց առաջին առաքելությունն է պատերազմի վիճակում գտնվող երկրում:

Սիրիայի զինանոցում առկա քիմիական զենքը ներառում է այնպիսի նյութեր, ինչպիսիք են զարինը, մանանեխի գազը և քիմիական արգելված այլ նյութերը, որոնք, ըստ գնահատականների, պահվում են երկրի 45 վայրերում գտնվող պահեստներում:

Տեսուչների առաջնահերթությունն է մինչև նոյեմբերի 1-ի վերջնաժամկետը երաշխավորել, որ Սիրիան այլևս չի ունենալու քիմիական զենքի արտադրության և առաքման հնարավորություն:

Սիրիայի արտգործնախարար Վալիդ ալ-Մոալեմը նախօրեին ասել էր, թե իր երկրի կառավարությունն ամբողջությամբ կհետևի Քիմիական զենքի արգելման կազմակերպության կողմից մշակված Սիրիային քիմիական զինաթափման ծրագրին, որի իրականացումն անցյալ շաբաթ հաստատվել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից:
XS
SM
MD
LG