Մատչելի հղումներ

Ցեղասպանության կանխարգելմանը նվիրված միջոցառում՝ ՄԱԿ-ում


ՄԱԿ-ում Հայաստանի դեսպանը ողջունել է Հայոց Ցեղասպանությունը ճանաչած բոլոր պետությունների և միջազգային կազմակերպությունների դիրքորոշումը

ՄԱԿ-ի կենտրոնատեղիում Հայաստանի մշտական ներկայացուցչության ու մի շարք հասարակական կազմակերպությունների հովանավորությամբ անցկացվել է ցեղասպանության կանխարգելմանը նվիրված գիտաժողով, որին մասնակցեցին անդամ պետությունների ներկայացուցիչներ, փորձագետներ ու մեծ թվով օտարերկրյա հյուրեր:

Բացման խոսքով հանդես է եկել ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը:

Հայաստանի արտգործնախարարության կողմից տարածված հաղորդագրության համաձայն, ՄԱԿ-ում նախօրեին անցկացված միջոցառման ժամանակ Հայաստանի դեսպանը նշել է, որ ցեղասպանության հանցագործությունը կրկնվում է աշխարհի տարբեր անկյուններում՝ ընդգծելով ցեղասպանության կանխարգելման և այդ հանցագործության պատժման գործում միջազգային համագործակցության կարևորությունը:

«Այս համատեքստում դեսպանն անդրադարձել է վերջերս ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից Հայաստանի նախաձեռնությամբ ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ ընդունված բանաձևին՝ կարևորելով ճշմարտության, արդարության վերականգնման, հատուցման և հանցագործներին քրեական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը և ընդգծելով կրթության, ներառյալ՝ մարդու իրավունքների բնագավառում կրթական ծրագրերի կարևորությունը կանխարգելման հարցում», - ասված է հաղորդագրության մեջ:

Կարեն Նազարյանը, ըստ հաղորդագրության, խոսել է նաև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին՝ նշելով, որ այդ ուղղությամբ Հայաստանը շարունակելու է իր հետևողական քայլերը, և թուրքական կառավարությունը, չնայած իր կողմից որդեգրած մերժողականությանը, վաղ թե ուշ ստիպված կլինի ընդունել ճշմարտությունը:

ՄԱԿ-ում Հայաստանի դեսպանը ողջունել է Հայոց Ցեղասպանությունը ճանաչած բոլոր պետությունների և միջազգային կազմակերպությունների դիրքորոշումը, ինչպես նաև այն թուրք մտավորականների, ուսանողների ու քաղաքացիների կեցվածքը, ովքեր գիտակցում են ճանաչման ու դրա միջոցով այդ հանցագործության կանխարգելման կարևորությունը՝ սատար կանգնելով Ցեղասպանության ճանաչման և դատապարտման պայքարին:

Միջոցառման ընթացքում բանախոսները, որոնց շարքում էին գիտնականներ, դասախոսներ և արվեստագետներ, ներկայացրել են իրենց ուսումնասիրություններն ու շեշտել նմանօրինակ միջոցառումների անցակցման կարևորությունը ցեղասպանությունների վերաբերյալ միջազգային իրազեկվածության բարձրացման առումով:

Հաղորդագրության մեջ նշվել է նաև, որ միջոցառմանը ցուցադրվել է Մայքլ Հակոբյանի՝ Խարբերդի ջարդերին անդրադարձող «Ձայներ լճից» վավերագրական կինոնկարը, որը ներկայացրել է հայտնի կինոռեժիսոր, մեկնաբան Կառլա Կարապետյանը:
XS
SM
MD
LG