Մատչելի հղումներ

 
ՄԱԿ. Համոզիչ ապացույցներ՝ Սիրիայում քիմիական զենքի հարձակման վերաբերյալ

ՄԱԿ. Համոզիչ ապացույցներ՝ Սիրիայում քիմիական զենքի հարձակման վերաբերյալ


Տեսուչների համաձայն, դեպքի վայրում հավաքված նմուշները վկայում են այն մասին, որ Դամասկոսի Ղութա արվարձանում օգոստոսի 21-ին կիրառվել էր «զարին» տեսակի նյարդապարալիտիկ նյութ պարունակող «երկիր-երկիր» դասի հրթիռ

Միավորված ազգերի կազմակերպության տեսուչների համաձայն, առկա են «հստակ և համոզիչ ապացույցներ» այն մասին, որ Սիրիայում անցյալ ամիս հարյուրավոր մարդկանց մահվան պատճառն է դարձել քիմիական զենքի կիրառմամբ իրականացված բավականին լայնածավալ հարձակումը:

Տեսուչների համաձայն, դեպքի վայրում հավաքված բնապահպանական, քիմիական և բժշկական նմուշները վկայում են այն մասին, որ Դամասկոսի Ղութա արվարձանում օգոստոսի 21-ին կիրառվել էր «զարին» տեսակի նյարդապարալիտիկ նյութ պարունակող «երկիր-երկիր» դասի հրթիռ:

ՄԱԿ-ի տեսուչներին հանձնարարություն էր տրված հայտնաբերել, առանց կողմերից որևէ մեկին մեղադրանքներ ներկայացնելու, թե արդյոք խաղաղ բնակչության շրջանում բազմաթիվ զոհերի պատճառը դարձած հարձակումն իրականացվել էր քիմիական զենքի կիրառմամբ:

ՄԱԿ-ի փորձագետների կողմից Սիրիայում իրականացված քիմիական հարձակման վերաբերյալ զեկույցի մանրամասները երկուշաբթի ավելի ուշ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային և Անվտանգության խորհրդին կներկայացնի կազմակերպության Գլխավոր քարտուղար Բան Կի-մունը:

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան մեղադրում են Սիրիայի կառավարական ուժերին հարձակման ընթացքում քիմիական զենք կիրառելու մեջ, սակայն Սիրիայի իշխանությունները հերքում են այս մեղադրանքները՝ պնդելով, որ քիմիական զենքի կիրառումն իրականացվել էր ապստամբների ուժերի կողմից:

Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան համաձայնության են եկել Սիրիայի իշխանությունների կողմից քիմիական զենքերի հանձնման հստակ և կատարման համար պարտադիր վերջնաժամկետներ սահմանող ՄԱԿ-ի բանաձևի մշակման անհրաժեշտության շուրջ:

Նման համաձայնության ձեռք բերման մասին հայտարարությամբ հանդես է եկել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի գրասենյակը՝ Փարիզում ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերիի և Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի իր գործընկերներ Լորան Ֆաբիուսի և Ուիլյամ Հեյգի միջև կայացած հանդիպումից հետո:
XS
SM
MD
LG