Մատչելի հղումներ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը զգուշացրել է Սիրիայի հակամարտության աճող վտանգների մասին


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մեծ մտահոգություն է արտահայտել նաև Սիրիայի կառավարական և ընդդիմության ուժերին զենքի շարունակվող մատակարարումներով

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը զգուշացրել է Սիրիայի և Թուրքիայի սահմանամերձ տարածքներում հակամարտության տարածման, ինչպես նաև Լիբանանի վրա Սիրիայի հակամարտության հետևանքների ազդեցության մասին:

Բան Կի-մունը երկուշաբթի օրը «չափազանց վտանգավոր» է որակել Սիրիայի և Թուրքիայի սահմանամերձ տարածքներում և Լիբանանում տեղի ունեցող զարգացումները:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մեծ մտահոգություն է արտահայտել նաև Սիրիայի կառավարական և ընդդիմության ուժերին զենքի շարունակվող մատակարարումներով: Բան Կի-մունը վերահաստատել է հակամարտությանը քաղաքական լուծում գտնելու մասին կոչերը՝ նշելով, որ սա միակ եղանակն է՝ լուծելու անցյալ տարվա մարտ ամսին բռնկված հակամարտությունը:

Սիրիայում այս ընթացքում շարունակվել են բռնությունները: Պետական «ՍԱՆԱ» լրատվական գործակալությունը հայտնել է կառավարական ուժերի կողմից Հալեպում երկուշաբթի օրը «բազմաթիվ ահաբեկիչներ» ոչնչացնելու մասին:

«Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» իրավապաշտպան կազմակերպության համաձայն, կիրակի օրը կառավարական ուժերն իրականացրել են ապստամբների դիրքերի գրոհը Հալեպում, Հոմսում և մայրաքաղաք Դամասկոսի շրջակայքի բնակավայրերում: Կազմակերպության համաձայն, տեղի ունեցած մարտերի հետևանքով երկրի տարբեր մասերում զոհվել է մոտ 120 մարդ:
XS
SM
MD
LG