Մատչելի հղումներ

ՄԱԿ-ի քարտուղարը կոչ է անում օգնություն տրամադրել Ղրղզստանին


Բան Կի Մունի խոսքերով` Ղրղզստանում տեղահանվել է գրեթե 300 հազար մարդ, իսկ գրեթե 100 հազարը գաղթել է Ուզբեկստան:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն կոչ է արել 71 միլիոն դոլարի անհապաղ օգնություն տրամադրել Ղրղզստանին` էթնիկ բախումների հետևանքով տեղահանված միլիոնավոր մարդկանց աջակցելու համար:

Բան Կի Մունի խոսքերով` Ղրղզստանում տեղահանվել է գրեթե 300 հազար մարդ, իսկ գրեթե 100 հազարը գաղթել է Ուզբեկստան, հարյուր հազարավոր մարդիկ էլ իրենց վրա են կրում հակամարտության ուղղակի ազդեցությունը:

“Հակամարտության տարածաշրջանում կողոպուտի, մատակարարման և շարժի սահմանափակումների արդյուքնում մթերքի և ջրի սակավության, ինչպես նաև էլեկտրականության խնդիր կա”:

Հասարակական կարգը վերականգնելու և մարդասիրական օգնության տրամադրումը համակարգելու նպատակով ՄԱԿ-ի քարտուղարը մշտապես հաղորդակցվում է Ղրղզստանի ժամանակավոր կառավարության ղեկավար Ռոզա Օթունբայեվայի և Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովի հետ, ինչպես նաև տարածաշրջանում գործող կազմակերպությունների և այլ ծանրակշիռ երկրների հետ:

ՄԱԿ-ը 71 միլիոն դոլար տրամադրելու կոչ է անում հաջորդ վեց ամիսների ընթացքում արտակարգ իրավիճակներում արձագանքելու համար: Հաջորդ շաբաթ կքննարկվի Ուզբեկստանին օգնություն տրամադրելու խնդիրը:

Ավելի վաղ Բան Կի Մունի ներկայացուցիչ Միրոսլավ Ժենկան Բիշկեկից հայտնել էր, որ իրավիճակը կայուն չէ: Նա ասել էր, որ անհրաժեշտ է “մանրամասն հետաքննություն” անցկացնել էթնիկ ղրղզների և ուզբեկների բախման աղբյուրը բացահայտելու համար, որը և պետք է լինի հաշտություն և վստահություն հաստատելու գործընթացի կարևոր բաղկացուցիչը:

XS
SM
MD
LG