Մատչելի հղումներ

Ուկրաինայի խորհրդարանը հավանության է արժանացրել ցուցարարներին համաներում շնորհելու մասին օրինագիծը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի օրը վերահաստատել է իր կողմից ավելի վաղ տրված խոստումն այն մասին, որ նույնիսկ եթե Ուկրաինայում իշխանության գլուխ գան ընդդիմության ներկայացուցիչները, Մոսկվան կպահի այս երկրին 15 միլիարդ դոլարի վարկ տրամադրելու մասին խոստումը

Ուկրաինայի խորհրդարանը հավանության է արժանացրել երկրում հակակառավարական բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալված ցուցարարներին համաներում շնորհելու մասին օրինագիծը՝ հակակառավարական ցուցարարների կողմից վերահսկվող կառավարական շենքերն ազատ արձակելու նախապայմանով:

Օրենսդիրներն այս օրինագիծն ընդունել են չորեքշաբթի ուշ երեկոյան, սակայն Ուկրաինայի խորհրդարանի ընդդիմության ներկայացուցիչները իրավական այս փաստաթղթի ընդունման դեմ են հանդես եկել:

Ընդդիմության առաջնորդ Արսենիյ Հացենյուկն «անընդունելի» է անվանել խորհրդարանի կողմից ներկայացված նախապայմանը, ըստ որի ընդդիմության ակտիվիստները պետք է ազատեն իրենց վերահսկողության տակ վերցրած պետական մարմինների գրասենյակները:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահը երեքշաբթի օրը ընդունել էր վարչապետ Միկոլա Ազարովի և երկրի ամբողջ կառավարության հրաժարականը, որը եղել էր ընդդիմության հիմնական պահանջներից մեկը:

Նախագահ Յանուկովիչը, բացի այդ, նույն օրը ստորագրել էր խորհրդարանի կողմից ավելի վաղ հավանության արժանացրած՝ հավաքների դեմ ուղղված օրենքների գործունեության դադարեցման մասին որոշումը: Այս օրենքներն Ուկրաինայում դարձել էին բռնություններով զուգակցվող հակակառավարական զանգվածային ցույցերի դրդապատճառը:

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը ողջունել էր Ուկրաինայի կառավարության կողմից կատարված փոխզիջումները՝ սատարելով երկրում ընթացող ցույցերի ժամանակ ձերբակալվածներին համաներում շնորհելու հնարավորությունը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի օրը վերահաստատել է իր կողմից ավելի վաղ տրված խոստումն այն մասին, որ նույնիսկ եթե Ուկրաինայում իշխանության գլուխ գան ընդդիմության ներկայացուցիչները, Մոսկվան կպահի այս երկրին 15 միլիարդ դոլարի վարկ տրամադրելու, ինչպես նաև բնական գազի գնի զգալի զիջումներ կատարելու մասին տրված խոստումը:

«Ես կդիմեմ մեր կառավարությանը ֆինանսական մեր բոլոր համաձայնություններն ամբողջությամբ կատարելու խնդրանքով», - ասել է նախագահ Պուտինը:

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը սակայն չորեքշաբթի օրն ասել է, որ Ուկրաինային տրամադրվելիք ֆինանսական օգնության «ժամանակացույցն ու պարամետրերը» ճշտելու համար անհրաժեշտ է Կիևի հետ լրացուցիչ քննարկումներ անցկացնել՝ հաշվի առնելով «Ուկրաինայի կառավարության տեղի ունեցող վերակազմավորումը»:
XS
SM
MD
LG