Մատչելի հղումներ

Սլավյանկսում թեժ մարտեր են ընթանում


Ուկրաինայի ներքին գործերի նախարար Ավակովը հորդորել է Սլավյանսկի, ինչպես նաև հարևան Կրամատորսկ և Կրասնի Լիման քաղաքների բնակիչներին դուրս չգալ իրենց տներից

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը տեղեկացրել է, որ երկրի արևելյան մասում գտնվող Սլավյանսկ քաղաքում կառավարական զինված ուժերի ստորաբաժանումները թեժ մարտեր են վարում ռուսաստանամետ անջատողականների դեմ:

Ավակովն այս մասին երեքշաբթի օրը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում, որտեղ նշել է նաև, որ կառավարական ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունները «հարձակողական ակտիվ փուլ են մտել»:

«Ասոշիեյթիդ փրես» լրատվական գործակալության լրագրողներից մեկը, որը գտնվում է Սլավյանսկում, տեղեկացրել է հրազենային և հրետանային անդադար կրակի, ինչպես նաև քաղաքի վրա սև ծխի բարձրացող ամպերի մասին:

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Ավակովը հորդորել է Սլավյանսկի, ինչպես նաև հարևան Կրամատորսկ և Կրասնի Լիման քաղաքների բնակիչներին դուրս չգալ իրենց տներից:

Ուկրաինայի իշխանությունները բազմիցս հայտարարել են երկրում ռուսաստանամետ զինյալների ուղղությամբ իրականացվող գործողությունների ընդլայնման մասին, սակայն դրանից հետո նման գործողությունները շարունակում էին իրականացվել նույն տեմպերով:

Վերջին օրերին սակայն գրանցվել է Սլավյանսկից դեպի հյուսիս գտնվող կառավարական ուժերի զգալի հզորացում: Ուկրաինայի ռազմաօդային միջոցների կուտակումը վերջին շաբաթվա ընթացքում իր հերթին թույլ է տալիս ենթադրել, որ երկրի իշխանությունների տրամադրվածությունը վճռական է:
XS
SM
MD
LG