Մատչելի հղումներ

Բախումներ Կիևում՝ ցուցարարների և ոստիկանության միջև


Երկրի ընդդիմությունը նախատեսում է շարունակել «Եվրոմայդան» անվանումը ստացած բողոքի ակցիաները մինչև Վիլնյուսում «Արևելյան գործընկերության» կայանալիք գագաթաժողովը

Ուկրաինայում երկրի կառավարության կողմից Եվրոպական Միության հետ առևտրային համաձայնագիր կնքելուց հրաժարվելու որոշման դեմ շարունակվող բողոքի ցույցի մասնակիցները բախվել են քաղաքի փողոցներ դուրս բերված ոստիկանության ծառայողների հետ:

Բախումները տեղի են ունեցել Կիևի կենտրոնական Եվրոպայի հրապարակում, որտեղ «Հանուն եվրոպական Ուկրաինայի» համազգային շարժման մասնակիցները որոշում են կայացրել երկրի եվրաինտեգրման կողմնակից բոլոր կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին և անհատ քաղաքացիներին բողոքի ակցիաներում ներգրավելու մասին:

Երկրի ընդդիմությունը նախատեսում է շարունակել «Եվրոմայդան» անվանումը ստացած բողոքի ակցիաները մինչև Վիլնյուսում «Արևելյան գործընկերության» կայանալիք գագաթաժողովը:

Ցույցերի մասնակիցներին ուղղված իր ուղերձում Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն հորդորել է ավարտի հասցնել այն, ինչ չէր հաջողվել ավարտել «Նարնջագույն հեղափոխություն»-ից հետո:

Ուկրաինայի կառավարությունն անցյալ շաբաթ անսպասելիորեն հայտարարել էր Եվրամիության հետ Ասոցացման և ազատ առևտրի մասին համաձայնագիրը նախապատրաստելուց հրաժարվելու մասին:

Փոխարենը, ըստ Ուկրաինայի իշխանությունների, կվերսկսվի Ռուսաստանի առաջնորդությամբ գործող Մաքսային միության անդամներ Բելառուսի, Ղազախստանի և նախկին Խորհրդային Միության այլ երկրների հետ «ակտիվ երկխոսությունը», որը նպատակ է հետապնդելու վերականգնելու առևտրային և տնտեսական հարաբերությունները:

Ուկրաինայի խորհրդարանն անցյալ շաբաթ, բացի այդ, հրաժարվել էր ընդունել երկրի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին ազատ արձակելու մասին օրինագիծը, որը Եվրամիության հետ համաձայնագիր ստորագրելու հիմնական նախապայմաններից էր:

Ուկրաինայի ընդդիմության որոշ ներկայացուցիչներ պնդում են, որ երկրի կառավարության կողմից Եվրամիության հետ Ասոցացման և ազատ առևտրի մասին համաձայնագիրը նախապատրաստելուց հրաժարվելու մասին ընդունված որոշումը հիմք է հանդիսանում նախագահ Վիկտոր Յանուկովիչին պաշտոնանկ անելու համար:
XS
SM
MD
LG