Մատչելի հղումներ

Ուկրաինայում ցուցարարներն արգելափակել են մուտքը դեպի կառավարության գլխավոր շենքը


Երկրում վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած բողոքի ակցիաների հետևանքով տուժել է 40 լրագրող և ոստիկանության 140 ծառայող

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում ցուցարարները երկուշաբթի օրն արգելափակել են մուտքը դեպի Ուկրաինայի կառավարության հիմնական շենքը և շենքին հարող փողոցները՝ շարունակելով Եվրամիության հետ ինտեգրման գործընթացից հրաժարվելուն ընդդեմ ուղղված բողոքի ցույցերը:

Կիևում բողոքի ակցիայի մասնակիցներն արգելափակել են մուտքը դեպի կառավարական շենքն ու դրանց հարող փողոցները՝ օգտագործելով աղբամաններ, մետաղե կոնտեյներներ և փողոցներում տեղադրված ծաղկամանները:

Ուկրաինայի վարչապետ Միկոլա Ազարովի խոսնակի համաձայն, «աշխատողները չեն կարող մուտք գործել շենք»:

«Կառավարությունը բանակցություններ է վարում ցուցարարների հետ՝ աշխատողներին դեպի իրենց աշխատավայրեր մուտքը թույլատրելու ուղղությամբ»,- ասել է Ուկրաինայի վարչապետի խոսնակը:

Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունն այս ընթացքում տեղեկացրել է, որ երկրում վերջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցած բողոքի ակցիաների հետևանքով տուժել է ոստիկանության 140 ծառայող, որոնցից հինգի վիճակը ծանր է գնահատվում:

Երկրի լրատվական գործակալություններն իրենց հերթին հաղորդել են, որ Կիևի փողոցներում ոստիկանության գործողությունների հետևանքով տուժել է 40 լրագրող:
XS
SM
MD
LG