Մատչելի հղումներ

Ուկրաինայի նախագահն ընդունել է վարչապետի հրաժարականը


Ուկրաինայի նախագահն ընդունել է վարչապետ Միկոլա Ազարովի և երկրի ամբողջ կառավարության հրաժարականը, ինչը եղել է ընդդիմության հիմնական պահանջներից մեկը

Ուկրաինայի նախագահն ընդունել է վարչապետ Միկոլա Ազարովի և երկրի ամբողջ կառավարության հրաժարականը, ինչը եղել է ընդդիմության հիմնական պահանջներից մեկը:

Երկրի խորհրդարանը նույն օրը հավանության է արժանացրել հավաքների դեմ ուղղված օրենքների չեղյալ հայտարարումը: Այս օրենքները դարձել են այն պատճառը, որը հրահրել էր բռնություններով զուգակցվող հակակառավարական զանգվածային ցույցերը:

Երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչը սակայն ասել է, որ հակակառավարական ցույցերի ընթացքում ձերբակալված մեկ տասնյակից ավելի ցուցարարներին ներում կշնորհվի միայն այն դեպքում, երբ ընդդիմության ակտիվիստները կքանդեն բարիկանդներն ու կազատեն քաղաքների փողոցները:

Ուկրաինայի կառավարության կայքում վարչապետի հրաժարականի մասին ավելի վաղ հրապարակված հայտարարության մեջ ասված է, որ երկրում արդեն երկու ամիս շարունակվող բողոքի ցույցերից հետո, որոնց ընթացքում վերջերս տեղի են ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև բռնի ուժի կիրառմամբ բախումներ, ինքը ցանկանում է «խրախուսել սոցիալական և քաղաքական փոխզիջում»:

Վարչապետ Ազարովը հույս է հայտնել, որ իր հրաժարականը հնարավորություն կստեղծի երկրում ծավալված քաղաքական ճգնաժամի խաղաղ կարգավորման համար:

Ուկրաինայի ընդդիմության առաջնորդ Արսենիյ Յացենյուկը պաշտոնապես մերժել էր նախագահ Յանուկովիչի կողմից վարչապետի պաշտոնը զբաղեցնելու մասին իրեն ներկայացված առաջարկը: Դեռևս պարզ չէ սակայն, թե ինչպիսի արձագանքի կարժանացնի Ուկրաինայի ընդդիմությունը հավաքներն արգելող օրենքները չեղյալ հայտարարելու մասին որոշումը:
XS
SM
MD
LG