Մատչելի հղումներ

Ուկրաինայում մեկնարկել են ազգային միասնականության կառավարության ստեղծման աշխատանքները


Ուկրաինայի ընդդիմության առաջնորդ Վիտալի Կլիչկոն կիրակի օրը տված հարցազրույցում ասել է, որ երկրի տապալված նախագահը Յանուկովիչն ամբողջությամբ պատասխանատու է Ուկրաինայում վերջին մի քանի օրվա ընթացքում տեղի ունեցած բռնությունների համար

Ուկրաինայի խորհրդարանը կիրակի օրը մեկնարկել է ազգային միասնականության կառավարության ստեղծման աշխատանքները սկսելուն ուղղված հատուկ նիստ:

Ուկրաինայի խորհրդարանը նախօրեին քվեարկել էր երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչին նախագահի պաշտոնից ազատելու օգտին և կոչ էր արել նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնել մայիսի 25-ին:

Ուկրաինայի խորհրդարանը, բացի այդ, նույն օրը հավանության էր արժանացրել երկրի ընդդիմության առաջնորդներից մեկը դարձած նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին ազատ արձակելու մասին որոշումը: Խորհրդարանը, բացի այդ, խոսնակի պաշտոնում էր նշանակել Յուլիա Տիմոշենկոյի դաշնակից Օլեկսանդր Տուրչինովին, որը խոսնակի պաշտոնում ընտրվել էր երկրի կառավարության ջատագով խոսնակ Վոլոդիմիր Ռիբակի կողմից ներկայացված հրաժարականից հետո:

Այս ընթացքում անհայտ է մնում Ուկրաինայի տապալված նախագահ Վիկտոր Յանուկովիչի գտնվելու վայրը, որը մեկ օր առաջ հեռացել էր Կիևից: Երկրի սահմանապահ ծառայության համաձայն, այն օդանավին, որը պետք է նախագահ Յանուկովիչին տեղափոխեր անհայտ ուղղությամբ, շաբաթ օրը չէր թույլատրվել դուրս գալ օդանավակայանից:

Ուկրաինայի ընդդիմության առաջնորդ Վիտալի Կլիչկոն կիրակի օրը տված հարցազրույցում ասել է, որ երկրի տապալված նախագահը Յանուկովիչն ամբողջությամբ պատասխանատու է Ուկրաինայում վերջին մի քանի օրվա ընթացքում տեղի ունեցած բռնությունների համար:

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոն, որն ազատ էր արձակվել նախօրեին, ուղերձով հանդես էր եկել շաբաթ օրը երեկոյան Կիևում անցկացված հանրահավաքի հազարավոր մասնակիցների առջև:

Ըստ Տիմոշենկոյի, «ուկրաինացիները չափազանց թանկ գին են վճարել՝ իրենց երկիրը կառավարելու իրավունք ստանալու համար»:
XS
SM
MD
LG