Մատչելի հղումներ

Ուկրաինայի նախագահի պաշտոնակատարը խոստացել է համաներում շնորհել ռուսաստանամետ ցուցարարներին


Ուկրաինայի ներքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը զգուշացրել է, որ երկրի երեք մարզում ռուսաստանամետ ցուցարարների հետ դիմակայությունը պետք է ավարտվի մինչև ուրբաթ օրը՝ բանակցությունների կամ ուժի գործադրման միջոցով

Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Օլեքսանդր Տուրչինովը խոստացել է համաներում շնորհել ռուսաստանամետ ցուցարարներին, եթե վերջիններս վայր դնեն զենքը և ազատեն երկրի արևելյան երկու քաղաքներում պետական մարմինների պաշարված շենքերը:

Տուրչինովը հինգշաբթի օրն ասել է, որ պատրաստ է իր խոստումը ներկայացնել նախագահական հայտարարության տեսքով:

Ռուսաստանամետ ցուցարարները դեռևս որևէ արձագանք չեն ներկայացրել Ուկրաինայի նախագահի պաշտոնակատարի խոստումի կապակցությամբ:

Ուկրաինայի ներքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը նախօրեին զգուշացրել էր, որ երկրի երեք մարզում ռուսաստանամետ ցուցարարների հետ դիմակայությունը պետք է ավարտվի մինչև ուրբաթ օրը՝ բանակցությունների կամ ուժի գործադրման միջոցով:

Ներքին գործերի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Ավակովն ասել էր, որ քաղաքական լուծման հասնել դեռևս հնարավոր է:

Ավակովը սակայն խոստացել է, որ հակամարտություն հրահրել ցանկացող ցուցարարների նկատմամբ Ուկրաինայի իշխանությունները վճռական գործողություններ կձեռնարկեն:

ԱՄՆ-ի դիվանագետ Վիկտորիա Նուլանդը, հանդես գալով ԱՄՆ-ի Կոնգրեսականների առջև, նշել է, որ Ուկրաինայում ռուսաստանամետ ցուցարարների կողմից պետական մարմինների շենքերի գրավումը մանրակրկիտ պատրաստված, ծրագրավորված և թիրախավորված քայլ է:

Նուլանդն ասել է, որ առկա են Ռուսատանի ներգրավման բազմաթիվ ապացույցներ՝ զգուշացնելով, որ Ռուսաստանի ագրեսիվ գործողություններն անպատասխան թողնելը կարող է ծանր հետևանքների բերել:

Վիկտորիա Նուլանդը միաժամանակ տեղեկացրել է ԱՄՆ-ի օրենսդիրներին, որ Միացյալ Նահանգների դիվանագետները չեն ակնկալում նշանակալից արդյունքների հասնել գալիք շաբաթ Ուկրաինայի, Ռուսաստանի, Միացյալ Նահանգների և Եվրոպական Միության դիվանագետների մասնակցությամբ կայանալիք բանակցությունների արդյունքում:
XS
SM
MD
LG