Մատչելի հղումներ

Ուկրաինան դադարեցրել է վճարումները Ռուսաստանից առաքված բնական գազի դիմաց


Ուկրաինայի պետական «Նավթոգազ» ընկերության գործադիր տնօրենն ասել է, թե Ռուսաստանի կողմից բնական գազի գների բարձրացումն անհիմն է և անընդունելի

Ուկրաինայի իշխանությունները շաբաթ օրը տեղեկացրել են Ռուսաստանից առաքված բնական գազի դիմաց վճարումները դադարեցնելու շուրջ կայացված որոշման մասին, ինչը կարող է է՛լ ավելի սրել տարածաշրջանում արդեն իսկ լարված իրավիճակը և առանց Ռուսաստանից առաքվող բնական գազի թողնել Եվրոպական Միության որոշ պետություններ:

Ուկրաինայի պետական «Նավթոգազ» ընկերության գործադիր տնօրեն Անդրիյ Կոբոլևը, «Ռոյթերս» գործակալության վկայությամբ, ասել է, թե Ռուսաստանի կողմից բնական գազի գների բարձրացումն անհիմն է և անընդունելի:

«Մենք, համապատասխանաբար, դադարեցրել ենք վճարումների իրականացումը գազի գների շուրջ բանակցությունների ժամանակահատվածում», - ասել է «Նավթոգազ»-ի տնօրենը:

Ուկրաինան, ըստ «Ռոյթերս»-ի, փաստացի արդեն իսկ դադարեցրել է Ռուսաստանի կողմից առաքվող բնական գազի դիմաց վճարումները, քանի որ այս ամիս ավելի վաղ երկիրը չի վճարել «Գազպրոմ»-ին վճարվելիք գումարը՝ 500 միլիոն դոլար ծավալով:

«Վճարումների դադարեցման շուրջ պաշտոնապես կայացված որոշումը վկայում է այն մասին, որ դեռևս չկա Մոսկվայի հետ փոխզիջման գալու որևէ նշան, և այն կարող է ստիպել երկու կողմերին կրկնել անցյալում տեղի ունեցած «Գազային պատերազմները», որոնց ժամանակ դադարեցվել էր Ուկրաինա բնական գազի առաքումը, ինչը «դոմինոյի էֆեկտ» էր առաջացրել՝ ազդեցություն գործելով Եվրոպական Միության պետությունների գազամատակարարման վրա», - գրում է գործակալությունը:
XS
SM
MD
LG