Մատչելի հղումներ

Ուկրաինան սգում է զինծառայողների մահվան կապակցությամբ


Ուկրաինայի նախագահը խոստացել է պատժել տեղի ունեցածի համար պատասխանատուներին

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն հունիսի 15-ը սգո օր է հայտարարել է ռուսաստանամետ անջատողականների կողմից ռազմական տրանսպորտային օդանավի տապալման հետևանքով զինծառայողների մահվան կապակցությամբ:

Ուկրաինայի գլխավոր դատախազության համաձայն, օդանավում գտնվող 40 ուղևորներն ու անձնակազմի ինն անդամները զոհվել էին շաբաթ օրը վաղ առավոտյան Ուկրաինայի օդուժին պատկանող «Իլ-76» օդանավը ռուսաստանամետ զինյալների կողմից տապալելու հետևանքով:

Ուկրաինայի նախագահը խոստացել է պատժել տեղի ունեցածի համար պատասխանատուներին: Նրանց դեմ Ուկրաինայի նախագահը խոստացել է ձեռնարկել «համապատասխան քայլեր»:

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում մի խումբ ցուցարարներ նախօրեին քարեր և հավկիթ էին նետել Ռուսաստանի դեսպանության ուղղությամբ, շրջել են դեսպանության շենքի մոտ կայանված մեքենաները:

Ի պատասխան Կիևում տեղի ունեցած իրադարձություններին Ռուսաստանի իշխանությունները դժգոհություն են արտահայտել դեսպանության շենքը պահպանող ոստիկանության ծառայողների անգործությամբ:

Ռուսական կողմը Ուկրաինայի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում է անվանել տեղի ունեցածը:

Կիևում Ռուսաստանի դեսպանության ուղղությամբ իրականացված հարձակումը դատապարտել են նաև Միացյալ Նահանգների իշխանությունները:

ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Ջեն Փսաքիի հայտարարության մեջ նշված է, որ Ուկրաինայի իշխանությունները պետք է ապահովեն Կիևում Ռուսաստանի դիվանագիտական առաքելության անվտանգությունը:

Միացյալ Նահանգները հորդորել են նաև Ուկրաինայի իշխանություններին կատարել օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների պաշտպանության ապահովման հարցում ստանձնած միջազգային պարտավորությունները:
XS
SM
MD
LG