Մատչելի հղումներ

Ուկրաինայի ոստիկանության հատուկ ուժերը հետ են քաշվել ցուցարարների ճամբարից


Կլիչկո. «Յանուկովիչը չի ցանկանում խոսել ժողովրդի հետ, նա միայն ֆիզիկական ուժ է հասկանում»

Ուկրաինայի ոստիկանության հատուկ ուժերի գումարտակները չորեքշաբթի օրը հետ են քաշվել երկրի մայրաքաղաք Կիևի կենտրոնում ցուցարարների ճամբարից այն բանից հետո, երբ գիշերվա ընթացքում ձեռնարկվել էին քաղաքի կենտրոնի փողոցները ցուցարարներից ազատելու մինչ այժմ ամենաակտիվ գործողությունները:

Ոստիկանության ուժերը չորեքշաբթի օրվա սկզբին ցուցարարների վրանները հանել են ճամբարի մոտակայքում գտնվող փողոցներից՝ կիրառելով բուլդոզերներ: Այդ ընթացքում տեղի էին ունեցել ոստիկանության ծառայողների բախումները ցուցարարների հետ:

Ոստիկանության ուժերն ավելի ուշ շրջապատել էին Կիևի քաղաքապետարանի շենքը, որը վերահսկվում է այն հիվանդանոցի վերածած ցուցարարների կողմից: Ցուցարարները, կանխելու համար ոստիկանության ուժերի կողմից շենքի ներխուժումը, խողովակներով ջուր են շփել ոստիկանության ծառայողների ուղղությամբ:

Ուկրաինայի ընդդիմության առաջնորդ դարձած՝ բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Վիտալի Կլիչկոն հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն ոստիկանության կողմից գիշերվա ընթացքում ձեռնարկած գործողությունները «փակել են փոխզիջման ճանապարհը»:

«Մենք նախատեսում էինք բանակցություններ անցկացնել Յանուկովիչի հետ: Ինչպես տեսնում ենք, Յանուկովիչը չի ցանկանում խոսել ժողովրդի հետ, նա միայն ֆիզիկական ուժ է հասկանում», - ասել է ընդդիմության առաջնորդ Կլիչկոն:

Կիևում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ ԱՄՆ-ի արտգործնախարարությունը տարածել է հաղորդագրություն, որտեղ «զզվանք» է արտահայտել Ուկրաինայի իշխանությունների գործողությունների կապակցությամբ, որոնք բուլդոզերներ և մահակներով զինված ոստիկաններ են կիրառել ցուցարարների դեմ՝ ժողովրդավարական իրավունքների և մարդկանց արժանապատվությանը հարգանք ցուցաբերելու փոխարեն:

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերրին հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ «ժողովրդավարական սկզբունքների, այդ թվում՝ հավաքների ազատության նկատմամբ հարգանքն ընկած է Ուկրաինայի հետ Միացյալ Նահանգների հարաբերությունների հիմքում»:

Արտգործնախարար Քերրին շեշտել է, որ ժողովրդավարական արժեքները համամարդկային են, այլ ոչ թե միայն ամերիկյան, և կոչ է արել Ուկրաինայում պահպանել առավելագույն զսպվածություն և պաշտպանել մարդկանց կյանքը:
XS
SM
MD
LG