Մատչելի հղումներ

Ուկրաինան պաշտոնապես դադարեցրել է զատկական զինադադարը


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ իր երկիրը վրեժխնդիր կլինի, եթե Ուկրաինայում հարձակում իրականացվի՝ ուղղված Ռուսաստանի օրինական շահերի կամ ազգությամբ ռուս բնակչության դեմ

Ուկրաինայի իշխանությունները պաշտոնապես ավարտել են երկրի արևելյան շրջաններում ռուսաստանամետ զինյալների նկատմամբ հայտարարված զատկական զինադադարը:

Ուկրաինայի վարչապետի առաջին տեղակալի պաշտոնակատար Վիտալի Յարեման երկրի նախարարների խորհրդի չորեքշաբթի օրը կայացած նիստի ընթացքում հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն կձեռնարկվեն «համապատասխան քայլեր, որոնց արդյունքները շուտով տեսանելի կդառնան»:

Յարեմայի համաձայն, Միացյալ Նահանգները հավաստիացրել է Ուկրաինային այն մասին, որ կանգնած կլինի Ուկրաինայի կողքին՝ Ռուսաստանի կողմից իրականացվող ագրեսիայի պայմաններում:

Ուկրաինայի վարչապետի առաջին տեղակալի պաշտոնակատարը, բացի այդ, հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգներն առավել էական օգնություն կտրամադրի Ուկրաինային:

Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Օլեքսանդր Տուրչինովն արդեն իսկ կարգադրել է երկրի անվտանգության ուժերին վերսկսել «հակաահաբեկչական» գործողություններն Ուկրաինայի արևելյան շրջաններում: Տուրչինովն այս կարգադրությունն արձակել է՝ ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենի Ուկրաինա կատարվող այցի ավարտից ժամեր անց:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն իր հերթին, հանդես գալով Մոսկվայում, ասել է, որ իր երկիրը վրեժխնդիր կլինի, եթե Ուկրաինայում հարձակում իրականացվի՝ ուղղված Ռուսաստանի օրինական շահերի կամ ազգությամբ ռուս բնակչության դեմ:

Արտգործնախարար Լավրովը սպառնացել է, որ Ռուսաստանը կարձագանքի նույն եղանակով, ինչպես այն արել էր Հարավային Օսիայում 2008 թվականին:
XS
SM
MD
LG