Մատչելի հղումներ

Ռուսաստանամետ անջատողականների հետ բախումների հետևանքով տուժել է Ուկրաինայի 30 զինծառայող


Կիևը տեղեկացրել է սահմանապահների և զինված ուժերի դիրքերի ուղղությամբ արձակված ականանետային կրակի մասին

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև սահմանամերձ շրջաններում ռուսաստանամետ անջատողականների հետ տեղի ունեցած բախումների հետևանքով վնասվածքներ է ստացել Ուկրաինայի մոտ 30 զինծառայող:

Այս մասին ասված է Ուկրաինայի սահմանապահ ծառայության հաղորդագրության մեջ, որի համաձայն Լուգանսկ քաղաքի մոտակայքում զինված ուժերի և սահմանապահների դիրքերի ուղղությամբ անջատողականները բացել էին ականանետային կրակ: Հաղորդագրության մեջ սակայն որևէ տվյալ չի ներկայացվում ռուսաստանամետ անջատողականների շրջանում զոհերի մասին:

Ուկրաինայի արևելքում գործող անջատողականներն իրենց հերթին պնդում են, որ այս շաբաթվա ընթացքում կառավարական ուժերը նույնպես կրակ էին բացել իրենց դիրքերի ուղղությամբ, այդ թվում՝ Սլավյանսկ քաղաքի շրջակայքում:

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն կարգադրել է կառավարական ուժերին վերահաստատել վերահսկողությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև սահմանի նկատմամբ ամբողջությամբ:

Նախագահ Պորոշենկոն նախօրեին նշել էր, որ կառավարական ուժերին արդեն իսկ հաջողվել է վերականգնել հսկողությունն ավելի քան 250 կիլոմետր երկայնքով սահմանագծի նկատմամբ: Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ցամաքային սահմանի ընդհանուր երկարությունը կազմում է ավելի քան երկու հազար կիլոմետր:

Ուկրաինայի իշխանությունների համաձայն, այս տարվա մայիսին ռուսաստանամետ զինյալների նկատմամբ մեկնարկած գործողությունների ընթացքում զոհվել է Ուկրաինայի 125 զինծառայող:
XS
SM
MD
LG