Մատչելի հղումներ

Թուրքիայի զինծառայողները Սիրիայի սահմանին հետ են մղել «մաքսանենգների» հարձակումը


Սիրիայում քաղաքացիական պատերազմից փախուստի դիմող մարդիկ պարբերաբար որպես վահան են օգտագործվում մաքսանենգների կողմից

Թուրքիայի հետ Սիրիայի սահմանը հատելու փորձ կատարած ավելի քան 1 000 «մաքսանենգ», որոնցից մոտ 150-ը ձիավոր են եղել, կրակ էին բացել Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումների ուղղությամբ:

Թուրքիայի զինված ուժերի համաձայն, «մաքսանենգների» կրակի տակ հայտնված ստորաբաժանումները պատասխան կրակ են բացել:

Միջադեպը տեղի էր ունեցել Թուրքիայի Հաթայ նահանգի Ռեյհանլի շրջանի Քուսաքլի գյուղի մոտակայքում, որտեղ սահմանի մոտ 300 մետր երկարությամբ հատվածում զինված ուժերը նկատել էին մաքսանենգների մի խումբ, որի կազմում կային ավելի քան 1 000 հետիոտն, 150 ձիավորից բաղկացած մի առանձին խումբ, ինչպես նաև մոտ 40 ավտոմեքենա:

«Մաքսանենգներին» նկատելուց հետո Թուրքիայի զինված ուժերը զրահապատ մեքենաներ և հրասայլ են ուղարկել սահմանամերձ գոտի, ինչպես նաև թուրքերեն և արաբերեն լեզուներով նախազգուշական հայտարարություններ հեռարձակել:

Նախազգուշացումները հնչեցնելուց հետո անվտանգության ուժերը փորձել են միջամտել, սակայն Քուսաքլի գյուղից նրանց ուղղությամբ բացվել էր հրազենային կրակ, որին ի պատասխան զինծառայողները կրակ են բացել:

Զինված ուժերի հաղորդագրության մեջ նշված չէ, թե ով է բացել կրակը՝ «մաքսանենգները», թե՝ գյուղի բնակիչները: Զինծառայողների կողմից բացված կրակից հետո «մաքսանենգները» հեռացել են: Նրանց գտնվելու վայրում հայտնաբերվել է բենզին պարունակող 35 կոնտեյներ:

Սիրիայում քաղաքացիական պատերազմից փախուստի դիմող մարդիկ հաճախակի մեծ խմբերով են հատում Թուրքիայի սահմանը: Թուրքիայի պաշտոնյաների համաձայն, փախստականները պարբերաբար որպես վահան են օգտագործվում մաքսանենգների կողմից:
XS
SM
MD
LG