Մատչելի հղումներ

Թուրքիայի պաշտոնյաներն՝ ընդդեմ Փասադենայում Հայոց ցեղասպանության հուշահամալիրի


«Ես ցնցված եմ այն հանգամանքով, որ Թուրքիան փորձում է ներգրավել Փաստադենա քաղաքը մերժման իր արշավում». կոնգրեսական Շիֆ

«Թուրքիայի կառավարության ներկայացուցիչների համաձայն, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հուշահամալիրի կառուցումը վիրավորական է թուրք ժողովրդի համար, իսկ «ցեղասպանություն» եզրը պատշաճ է պատմաբանների քննարկումներում օգտագործվելու դեպքում»:

Այս մասին գրում է «Փասադենա ստար նյուզ» պարբերականը, որի համաձայն մասնավոր միջոցներով քաղաքի Հիշատակի այգում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր կառուցելու առաջարկության կապակցությամբ Փասադենա այս տարվա օգոստոսի սկզբին Թուրքիայի փոխհյուպատոս Արիֆ Չելիքի կատարած այցն առաջացրել է տեղի հայերի խիստ քննադատությանը:

«Օտարերկրյա կառավարության կողմից մեր տեղական գործերի մեջ խառնվելը բացարձակապես չի համապատասխանում մեր քաղաքի արժեքներին», - ասել է Փասադենայում գործող Հայ համայնքի կոալիցիայի նախագահ Խաչիկ «Քրիս» Չահինյանը՝ հավելելով. «Սա Անկարայի արվարձանը չէ: Փասադենան ամերիկյան քաղաք է, որն արդեն ավելի քան 120 տարի ինչ հարազատ է դարձել հայերի համար»:

«Փասադենայի քաղաքապետարանի պաշտոնյաներն ընդունել են այն հանգամանքը, որ Չելիքն օգոստոսի 9-ին այցելել է քաղաքի փոխկառավարիչ Ջուլի Գուտերեսին: Հանդիպման ընթացքում Չելիքը հարցրել է հուշահամալիրի կառուցման համար թույլտվության գործընթացի մասին», - գրում է թերթը:

Ըստ պարբերականի, հայ համայնքի առաջնորդներն աշխատում են քաղաքի պաշտոնյաների հետ՝ Հայոց ցեղասպանության 2015 թվականին լրացող 100-րդ տարելիցի կապակցությամբ ցեղասպանության զոհերի հիշատակին հուշահամալիր կառուցելու հարցում, սակայն քաղաքապետարանին պաշտոնապես որևէ նախագիծ դեռևս չի ներկայացվել:

Հայոց ցեղասպանության բանաձևի հիմնական հեղինակներից մեկը՝ ԱՄՆ-ի կոնգրեսական Ադամ Շիֆն ասել է, որ ամբողջ աշխարհում պատմաբանների կողմից ընդունված են Հայոց ցեղասպանության «պարզ փաստերը»:

«Ես ցնցված եմ այն հանգամանքով, որ Թուրքիան փորձում է ներգրավել Փաստադենա քաղաքը մերժման իր արշավում», - գրում է թերթը՝ մեջբերելով կոնգրեսական Շիֆի խոսքերը: - «Սա նույն առակն է, որը նրանք փորձում են առաջ քաշել արդեն մոտ մեկ դար: Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը չճանաչելու հանգամանքը անընդհատ կրկնվող ծանր վիրավորանք է մնում»:

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի գործադիր տնօրեն Ուիլյամ Բայրամյանի համաձայն, անընդունելի է, որ օտարերկրյա կառավարությունը փորձի միջամտել ամերիկյան քաղաքի քաղաքականության մեջ:

«Մեր կազմակերպությունը հիմնվել է այն համայնքների կողմից, որոնք ստեղծվել են ԱՄՆ-ում՝ Հայոց ցեղասպանության հետևանքով: Մենք այստեղ ենք և մենք գործում ենք որպես Միացյալ Նահանգների քաղաքացի», - «Փասադենա ստար նյուզ»-ի փոխանցմամբ՝ ասել է Բայրամյանը:
XS
SM
MD
LG