Սիրիայից Թուրքիայի տարածք վերջին 24 ժամվա ընթացքում անցել է մոտ մեկ հազար փախստական՝ զգալիորեն ավելացնելով բռնություններից փախուստի դիմող անձանց թիվը: Սպասվում է, որ փախստականների թիվը գնալով կավելանա, քանի որ Թուրքիայի սահմանակից Իդլիբ քաղաքում չեն դադարում բախումները:
«Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի իշխանությունները դեմ են հանդես գալիս Սիրիայում ռազմական միջամտության, սակայն փախստականների թվի ավելացումը կարող է դառնալ այդ երկրի տարածքում «անվտանգության գոտի» սահմանելուն ուղղված գործողություններ մեկնարկելու գործոններից մեկը:
Թուրքիայի պաշտոնյաների հայտնել են նաև, թե նման գործողություններ մեկնարկելու համար դրդապատճառ կարող է ծառայել նաև Սիրիայի քաղաքներում նախագահ Բաշար ալ-Ասադի կողմից զանգվածային սպանությունների սկիզբը՝ հավելելով սակայն, որ Թուրքիան չի դիմելու միակողմանի գործողությունների և որ բոլոր նախաձեռնությունները պետք է հնչեցվեն Արաբական պետությունների լիգայի կողմից:
Արաբական որոշ պետությունների, մասնավորապես՝ Քաթարի ղեկավարները կողմ են հանդես եկել արաբական խաղաղապահ ուժերի ստեղծման և «Սիրիայի ազատ բանակի» զինման:
Թուրքիայի իշխանությունները հարավային Քիլիս քաղաքի մոտակայքում հաջորդ ամիս կբացեն 10 հազար մարդու համար նախատեսված փախստականների նոր ճամբար: Աշխատանքներ են սկսվել նաև Ջեյլանփինար քաղաքի մոտակայքում 20 հազար փախստականի համար նախատեսված նոր ճամբարի կառուցման ուղղությամբ:
Փախստականների այս երկու ճամբարների կառուցմամբ Թուրքիան պատրաստ կլինի ընդունելու սիրիացի մոտ 45 հազար փախստական:
Երկրում այժմ գտնվում է սիրիացի 14 հազար գրանցված փախստական, իսկ որոշ հաշվարկների համաձայն, ևս 2 հազար փախստական ապաստան են գտել իրենց բարեկամների բնակարաններում: