Մատչելի հղումներ

Թուրքիան բողոքել է Հյուսիսային Կիպրոսի վրայով Իսրայելի ռազմական օդանավի թռիչքի կապակցությամբ


Թուրքիան պահանջել է Իսրայելից բացատրություններ ներկայացնել՝ պնդելով, որ այդ երկրի ռազմական օդանավերից մեկը ներխուժել էր Կիպրոսի հյուսիսային մասի օդային տարածք:

Թուրքիայի զինված ուժերի կողմից հինգշաբթի օրը տարածված հաղորդագրությունում նշել են, որ Իսրայելին պատկանող ռազմական օդանավը երկուշաբթի օրը հինգ անգամ խախտել է Կիպրոսի հյուսիսային մասի օդային տարածքը:

Հաղորդագրությունում սակայն չի նշվել օդանավի մակնիշը:

Թուրքիայի արտգործնախարարության համաձայն, Անկարայում Իսրայելի ներկայացուցչությունից բացատրություններ են պահանջվել:

Իսրայելի զինված ուժերը սակայն հրաժարվել են այս մեղադրանքներին որևէ մեկնաբանություն ներկայացնելուց:

Կիպրոսի բաժանումն իրականացվել է 1974 թվականին՝ Հունաստանի կառավարության աջակցությամբ կղզում իրականացված ռազմական հեղաշրջմանն ի պատասխան: Կիպրոսն անդամակցել է Եվրոպական Միությանը 2004 թվականին, իսկ ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը ճանաչվել է միայն Թուրքիայի կողմից:

XS
SM
MD
LG