Լիբանանի հայկական համայնքի ավելի քան հարյուր ներկայացուցիչ չորեքշաբթի օրը հավաքվել է Բեյրութի միջազգային օդանավակայանում` Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երկօրյա այցի դեմ իրենց բողոքն արտահայտելու համար:
Ցույցը տեղի էր ունենում անվտանգության խիստ միջոցառումների պայմաններում օդանավակայանի գլխավոր մուտքի մոտ: Ցուցարարների ցուցապաստառների վրա գրված է` «Լիբանանցիները չեն մոռացել տարածաշրջանում Թուրքիայի արյունալի պատմությունը» և «Էրդողանը պետք է խոնարհվի մեր նահատակների առջև»:
«Ֆրանս պրես» գործակալության և մի շարք այլ լրատվամիջոցների փոխանցմամբ, ոստիկանության հատուկ ուժերը և բանակը գտնվում էին մոտակայքում` փողոցի մյուս կողմում Էրդողանի այցը ողջունող լիբանանցի ավելի քան 100 ուսանողների խումբը վերահսկողության տակ պահելու համար:
Իր այցի ընթացքում Էրդողանը, որի երկիրը փորձում է դառնալ Մերձավոր Արևելքում բանակցություններին սատարող հիմնական պետությունը, հանդիպումներ է անցկացնելու Լիբանանի պաշտոնյաների հետ:
Բացի այդ, նա այցելելու է Լիբանանի հարավում` Իսրայելի հետ սահմանին ՄԱԿ-ի խաղաղապահ զորքերի կազմում ծառայող Թուրքիայի զինծառայողներին: