Մատչելի հղումներ

Քուրդ ապստամբների հեռացման իրավական ապահովումը՝ Թուրքիայի հետ խաղաղություն հաստատելու խոչընդոտ


Քրդստանի աշխատավորական կուսակցությունը հերքել է առանց իրավական պաշտպանության հեռանալու հնարավորությունը

Քուրդ ապստամբների հետ խաղաղություն հաստատելու գործընթացը Թուրքիայում հանդիպել է խոչընդոտի այն բանից հետո, երբ ապստամբները պահանջել են իրավական պաշտպանության սահմանում՝ պաշտպանելու համար վերջիններիս Թուրքիայի զինված ուժերի կողմից հնարավոր հարձակումներից: Թուրքիայի կառավարությունը սակայն մերժել է այս պահանջները:

Քրդստանի աշխատավորական կուսակցությունն անցյալ ամիս, արձագանքելով բանտարկության մեջ գտնվող իր առաջնորդ Աբդուլլահ Օջալանի կարգադրության, հայտարարել է Թուրքիայի իշխանությունների հետ հրադադարի մասին: Որպես հրադադարի հաջորդ քայլ քուրդ ապստամբները պետք է հեռանան Թուրքիայի տարածքից դեպի Իրաքի հյուսիսում գտնվող ռազմակայաններ: Ապստամբները սակայն նշում են, որ այս ընթացքում իրենք խոցելի կարող են դառնալ Թուրքիայի զինված ուժերի կողմից հնարավոր հարձակումների համար, և նման զարգացումները կանխելու նպատակով Թուրքիայի խորհրդարանը պետք է սահմանի իրավական պաշտպանության միջոցներ՝ ապստամբներին պաշտպանելու համար:

«Մարտիկները չեն կարող հետ քաշվել նախքան իրավական հիմքերի ստեղծումն ու համապատասխան միջոցառումների ձեռնարկումը, քանի որ անցյալում նման իրավիճակներում մարտիկների ուղղությամբ լայնամասշտաբ հարձակումներ են իրականացվել», - քրդական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է Քրդստանի աշխատավորական կուսակցության հրամանատարներից մեկը:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երաշխավորել է, որ քուրդ ապստամբների ուղղությամբ հարձակումներ չեն իրականացվի՝ հավելելով սակայն, որ Թուրքիայի տարածքից հեռանալուց առաջ զինյալները պետք է զինաթափվեն, քանի որ, հակառակ դեպքում, առկա է փոխհրաձգության վտանգը:

«Մեզ համար միևնույն է՝ հեռացողները կթողնեն իրենց զենքը, թե կթաղեն այն: Նրանք պետք է ցած դնեն զենքը և հեռանան: Քանի որ այլապես իրավիճակը խոցելի է դառնում՝ սադրանքների իրականացման հնարավորության պատճառով», - ասել է Թուրքիայի վարչապետը:

Քրդստանի աշխատավորական կուսակցությունը սակայն հերքել է առանց իրավական պաշտպանության հեռանալու հնարավորությունը:

«Այն հեռացումը, որն իրականացնելու կոչ է անում Էրդողանը, մեր շարժման ծրագրերի մեջ չի մտնում: Գործընթացի հարատև և առողջ զարգացման համար անհրաժեշտ է ձեռնարկել մեր ուժերի կողմից համոզիչ համարվող որոշակի քայլեր», - ասվել է Քրդստանի աշխատավորական կուսակցության կողմից անցյալ շաբաթվա վերջին տարածված հաղորդագրության մեջ:
XS
SM
MD
LG