Մատչելի հղումներ

Իսրայելը պատրաստվում է կանգնեցնել Թուրքիայից դեպի Գազայի գոտի ուղևորվող նավերը


Թուրքական «Մավի Մարմարա» նավը (արխիվային լուսանկար)
Թուրքական «Մավի Մարմարա» նավը (արխիվային լուսանկար)

Իսրայելի վարչապետը հրահանգել է երկրի անվտանգության ուժերին շարունակել «Համաս» կազմակերպության զինյալների կողմից վերահսկվող Գազայի գոտու ծովային շրջափակումը` ի պատասխան ակտիվիստների կողմից այս տարածաշրջան ևս մեկ նավատորմ ուղարկելու ծրագրերի մասին հաղորդագրությունների:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն չորեքշաբթի օրը հայտնել է, որ ինքը նաև դիվանագիտական ջանքեր է գործադրում` Թուրքիայից նավատորմի ուղևորության հնարավորությունը դադարեցնելու նպատակով:

Ակտիվիստները հույս ունեն, որ նավատորմը, Իսրայելի կողմից իրականացվող շրջափակմանը հակառակ, կկարողանա օգնություն հասցնել անմիջապես Գազայի գոտում բնակվող պաղեստինցիներին, սակայն Նեթանյահուն անհանգստություն է արտահայտել նավերի միջոցով զինյալներին սպառազինություն առաքելու հնարավորության հանգամանքով:

Սկզբնական ծրագրերի համաձայն, նավատորմը պետք է մեկնարկեր ուղևորությունը մայիսին, սակայն կազմակերպիչները նախատեսում են հետաձգել այն` ծրագրելով ուղևորությունը սկսել Թուրքիայում հունիսի կեսին կայանալիք ընտրություններից հետո:

Անցյալ տարի նման նավատորմի ընթացքը դեպի Գազայի գոտի կասեցվել էր Իսրայելի հատուկ ուժերի կողմից, որոնց գործողությունների պատճառով զոհվել էր ինը մարդ: Այդ ժամանակից ի վեր Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունները սրված են մնում:

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն երեքշաբթի օրը ավստրալիական «Sydney Morning Herald» պարբերականին տված հարցազրույցում խորհուրդ է տվել Իսրայելին չփորձել կանգնեցնել նավատորմի ընթացքը և «չկատարել նույն սխալները»:

Թուրքիայի իշխանությունների համաձայն, Իսրայելը դիմում է ներկայացրել` դեպի Գազայի գոտի նավատորմի ուղևորության նախապատրաստությունը դադարեցնելուն ուղղված միջոցներ ձեռնարկելու խնդրանքով, սակայն պատասխան է ստացել, որի համաձայն Թուրքիայի կառավարությունը չի կարող դադարեցնել այն:

XS
SM
MD
LG