Մատչելի հղումներ

Գերմանիան կոչ է անում Թուրքիային բացել Հայաստանի հետ սահմանը


Գերմանիան կոչ է անում Թուրքիային բացել Հայաստանի հետ սահմանը
Գերմանիան կոչ է անում Թուրքիային բացել Հայաստանի հետ սահմանը

Շարունակվում է Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆի այցը Թուրքիա: Գերմանիայի նախագահը և Թուրքիայի իր պաշտոնակից Աբդուլա Գյուլը հոկտեմբերի 20-ին այցելելու են Թուրքիայի նախագահի հայրենի քաղաքը` Կեսարիան: Նախագահները մասնակցելու են տնտեսական հարցերին նվիրված հանդիպմանը, ինչպես նաև գործարարական ֆորումին: Այդ միջոցառումներից հետո Գերմանիայի նախագահն այցելելու է Կապադովկիա:

Ռուսական «Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, այս հանդիպումների նախօրեին Գերմանիայի նախագահը կոչ է արել Թուրքիային բացել Հայաստանի հետ սահմանը: Այդ հայտարարությամբ նա հանդես է եկել Թուրքիայի Գերագույն ժողովում. «Մենք աջակցում ենք Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների բարելավման գործընթացը և այդ նպատակով կգործադրենք բոլոր ջանքերը: Գերմանիան դրական է գնահատում հարևանների հետ բարյացակամ հարաբերություններ ստեղծելուն ուղղված Թուրքիայի քաղաքականությունը: Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանների բացումը տարածաշրջանային կայունության տեսակետից անշուշտ բարենպաստ է լինելու: Ցանկանում եմ նշել, որ այդ հարցում մենք օժանդակություն ենք տրամադրելու ձեզ», - ասել է Գերմանիայի նախագահը:

Իր ելույթի ընթացքում Գերմանիայի նախագահը անդրադարձել է նաև Կիպրոսի խնդրին, նշելով, որ կղզում հարատև խաղաղության հասնելու համար այդ հարցը նույնպես պետք է լուծվի փոխադարձ հարգանքի հիմունքներով:

Թուրքական «Հուրիեթ» օրաթերթը հաղորդում է, որ, խոսելով Իսրայելի հետ հարաբերությունների մասին, Գերմանիայի նախագահը ասել է, թե պաղեստինյան պետությունը պետք է գոյություն ունենա Իսրայելի հետ կողք կողքի, և Թուրքիան իր դերակատարությունն ունի պաղեստինցիների ու Իսրայելի հետ խաղաղության բանակցությունների գործընթացում:

Անդրադառնալով Գերմանիայի ծագումով թուրք քաղաքացիների հարցին, նախագահ Վուլֆը նշել է, որ նրանք Գերմանիայի մաս են կազմում: Գերմանիայի նախագահը շեշտել է, որ ինքը բոլորի` ներառյալ ծագումով թուրք գերմանացիների նախագահն է, և կոչ է արել նրանց ակտիվորեն մասնակցել գերմանական հասարակության կյանքին:

XS
SM
MD
LG