Մատչելի հղումներ

Թուրքիայի արտգործնախարարը քննարկել է Լեռնային Ղարաբաղի հարցը


Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի և Ղրղըզստանի արտգործնախարարներ Ահմեթ Դավութօղլուն, Էլմար Մամադյարովը, Քանաթ Սաուդաբաևը և Ռուսլան Քազակբաևը Բոդրումում ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել:

Ըստ «Ասոշեյթեդ փրես» լրատվական գործակալության, Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն իր գոհունակությունն է արտահայտել Բոդրումում թուրքախոս երկրների արտգործնախարարների հետ հանդիպման կապակցությամբ: Իր խոսքերով, «Բոդրումում ներկա լինելու հիմնական նպատակը մեր ընկերներին և եղբայրներին հանդիպելն է»:

Դավութօղլուն ասել է, որ այս տարի Ստամբուլում հիմնադրվելու է Թուրքախոս երկրների համաշխարհային խորհրդի քարտուղարությունը:

Ըստ նրա, «քարտուղարության հիմնադրումը թույլ կտա դրսևորել ոչ միայն կրոնական, լեզվի և մշակույթի միասնություն, այլև հնարավոր կդարձնի իրականացնել միասնական գործողություններ: Մենք դրսևորելու ենք միասնական դիրքորոշում բոլոր հարցերում: Մենք խոսում ենք նույն լեզվով, դավանում նույն կրոնը: Մեր երկրները եղբայրական երկրներ են», - ասել է նա:

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովն ասել է, որ Ահմեթ Դավութօղլուի հետ քննարկել էին Լեռնային Ղարաբաղի հարցը: Իր խոսքերով, «Ադրբեջանի և Հայաստանի միջև պատերազմական իրավիճակը դեռևս պահպանվում է: Թուրքիան իրեն վստահ է զգում միջազգային ասպարեզում: Հետևաբար, ես կարծում եմ, որ Ահմեթ Դավութօղլուն արդյունավետ ջանքեր կգործադրի ղարաբաղյան խնդրի լուծման ուղղությամբ», - ասել է Մամադյարովը:

XS
SM
MD
LG