Մատչելի հղումներ

«Հայաստանի հետ սահմանը չի բացվի մինչև չկարգավորվի ղարաբաղյան խնդիրը». Դավութօղլու


«Այնքան ժամանակ, մինչև գրավված տարածքները չազատվեն, և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը չլուծվի այս շրջանակներում, հայ-թուրքական հարաբերությունների ամբողջական բարելավումն անհնար է»

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հերքել է հաղորդագրություններն այն մասին, որ Թուրքիան շուտով կբացի Հայաստանի հետ իր սահմանը:

Այս հայտարարությամբ, ըստ «Հուրիեթ» պարբերականի, արտգործնախարար Դավութօղլուն հանդես է եկել Ադրբեջանի Գյանջա քաղաքում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների միջև անցկացված ամենամյա հանդիպման ընթացքում:

«Այնքան ժամանակ, մինչև գրավված տարածքները չազատվեն, և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը չլուծվի այս շրջանակներում, հայ-թուրքական հարաբերությունների ամբողջական բարելավումն անհնար է: Սահմանների բացումը նույնպես այն հարցերից է, որն անհրաժեշտ է դիտարկել այս շրջանակներում», - ասել է Թուրքիայի արտգործնախարարը:

Գյանջայում անցկացված հանդիպման ընթացքում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարները գոհունակություն են հայտնել իրենց երկրների միջև հարաբերությունների զարգացմամբ ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ ձևաչափերով:

Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հանդիպման արդյունքներով, ըստ Ադրբեջանի լրատվամիջոցների, ընդունվել է համատեղ հայտարարություն, որտեղ «նախարարները վերահաստատել են աջակցությունը միմյանց պետությունների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը», ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի և Հարավային Օսիայի հակամարտությունների կարգավորմանը՝ «ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և պետությունների միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի, ԵԱՀԿ-ի և Եվրոպայի Խորհրդի համապատասխան բանաձևերի հիման վրա»:
XS
SM
MD
LG