Մատչելի հղումներ

Էրդողանի ծրագիրը տապալվեց


Turkey
Turkey

Հունիս 7-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրութուններում իշխանական Ադարություն եւ բարգավաճում կուսակցությունը չկարողացավ բացարձակ մեծամասնություն ստանալ ու փոխել սահմանադրությունը:

Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում իշխանական «Ադարություն եւ բարգավաճում» կուսակցութունը հետամուտ էր Թուրքիայի խորհրդարանում բացարձակ մեծամասնութուն ապահովելուն՝ երկրի սահմանադրությունը առանց որեւէ խոչընդոտի փոփոխության ենթարկելու համար: Խորհրդարանական երկիրը նախագահական դարձնելու Թուրքիայի նախագահ Էրդողանի նախանշած ծրագիրը, սակայն, կարծես թե տապալվեց։

Վերջնական արդյունքների համաձայն՝ իշխող կուսակցությունը հաղթանակելով հանդերձ, ստացավ ձայների միայն 41%-ը, այսպիսով իշխող համակարգում հզորացնելով ապագա վարչապետի դիրքերը, ինչը կթուլացնի Էրդողանի ազդեցությունը։

Փոխվարչապետ Նուման Քուրթուլուսը ասաց, որ իրենք փորձելու են կոալիցիոն կառավարություն կազմել. «Հավատացած եմ, որ Նախագահը մեր կուսակցության ղեկավարին կհանձնարարի նոր կառավարության ձևավորումը: Հավատացած եմ նաև, որ մեր վարչապետը կարող է կազմել այն բոլորի համար ընդունելի ժամանակահատվածում»:

Երկրորդ տեղում է Ժողովրդա-Հանրապետական կուսակցությունը 25%-ով ու 132 պատգամավորով: երրորդ տեղում է ազգայնական՝ Ազգային Շարժումը (MHP) 16,3%-ով ու 81 պատգամավորով եւ չորրորդը՝ քրդամետ Ժողովուրդների-դեմոկրատական կուսակցությունը (HDP) ձայների 13%-ով ու 79 պատգամավորով։

Ընտրությունների կարեւոր բնորոշիչ է քրդամետ կուսակցության արձանագրած հաջողությունը։ Այն անցավ Խորհրդարան մուտք գործելու 10%-ի նշագիծը։ Մյուս կողմից, թուրքահայ համայնքի համար կարեւոր երեւույթ է հայ հինգ թեկնածուներից երեքի հաջողութունը, որոնք պիտի մուտք գործեն Թուրքիայի Ազգային Ժողով երկարամյա ընդմիջումից հետո։ Բոլոր հայերը ընտրվել են Պոլսից:

Այսպես, ընդդիմության գլխավոր կուսակցութեան Ժողովրդա-Հանրապետական կուսակցության ցանկով պատգամավոր ընտրվեց իրավաբան Սելինա Էոզուզուն-Տողանը։ Ընտրված երկրորդ հայը իշխանական կուսակցության թեկնածու, Յենի Շաֆաք օրաթերթի լրագրող Մարգար Եսայանն է: Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության ցանկով Պոլսից ընտրված հայ երրորդ պատգամավորը՝ համայնքային գործիչ եւ հայկական դպրոցների գործերով հանձնաժողովի պատասխանատու Կարո Փայլյանն է։

Ժողովուրդների-դեմոկրատական քրդամետ կուսակցության Պոլսի ցանկերի մեջ կային երկու այլ հայ թեկնածուներ եւս՝ Ֆիլոր Ուլուք եւ Մուրատ Մըխջը, որոնք սակայն չընտրվեցին։ Այսպիսով, շուրջ երկարամյա ընդմիջումից հետո Թուրքիայի Ազգային Ժողով կմտնեն երեք հայեր։

Մարդինում ընտրվել է նաև մեկ ասորի պատգամավոր՝ իրավաբան Էրոլ Դորանը: Չորս քրիստոնյա պատգամավորներից բացի երկու եզդի պատգամավոր ևս կզբաղեցնեն պատգամավորական աթոռները քրդամետ կուսակցության կազմում՝ Ֆելեքնաս Ուջան՝ Դիարբեքիրից ու Ալի Աթալանը՝ Սասունի հարևանությամբ գտնվող Բաթմանից:

Այսօր Ստամբուլի ֆոնդային բորսայի աշխատանքների հենց սկզբում թուրքական լիրայի փոխարժեքը ամերիկյան դոլարի նկատմամբ հզոր անկում է արձանագրել` մոտ 5 տոկոսով: Անկումը հնարավոր է եղել կանխել միայն Կենտրոնական բանկի շտապ միջամտությունից հետո:

Թուրքիայի ֆինանսական շուկայում անկայունությունը ծագել է, երբ ընդդիմադիր երեք կուսակցությունները բացառեցին իշխող կուսակցության հետ կոալիցիոն կառավարության ձևավորման հեռանկարը, ինչը, իր հերթին, մեծացնում է կառավարական ճգնաժամի և նոր ընտրությունների անցկացման հավանականությունը:

Թուրքիայի ընտրությունների շուրջ իրենց կարծիքն են արտահայտել նաև հայկական սփյուռքի գործիչները:

Հայ Դատի Վաշինգտոնի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը իր գոհունակությունը արտահայտեց ընտրությունների արդյունքների վերաբերյալ.

«Քաջալերված ենք ընտրությունների արդյունքներով, հատկապես՝ ժողովրդավարությանը ու բազմակարծությանը հավատարիմ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության կողմից ձայների ավելի քան 10 տոկոսը ստանալու կապակցությամբ: Սակայն մտահոգված ենք, որ Էրդողանի կուսակցությունը գրոհել է ժողովուրդների կուսակցությունը ու մեղադրանք ներկայացրել Հայ Դատի գրասենյակի հետ առընչություններ ունենալու կապակցությամբ: Դա մեզ համար նաև վառ օրինակ է, թե ինչքան է Էրդողանի կուսակցությունը սարսափած հայ թուրքական համագործակցության գաղափարից: Մենք նաև հուսով ենք, որ այս ընտրությունները բեկումնային կլինեն Թուրքիայում հայերի դիրքի ու դերի փոփոխման առումներով»:

ԱՄՆ-ի Պետքարտուղարության մամուլի հետ կապերի գրասենյակի տնօրեն Ջեֆ Ռատկեն այսօր նշեց, որ ԱՄՆ- հարգելու է ընտրությունների արդյունքները. «50 միլիոն Թուրքիայի քաղաքացիներ արտահայտել են իրենց կարծիքը և մենք հարգելու ենք թուրքական ժողովրդավարությունը»:

Մնում է հուսալ, որ ժողովրդավարությունը կլինի նաև ժողովուրդների միջև խաղաղության հաստատման նախադրյալ:

XS
SM
MD
LG