Մատչելի հղումներ

Թուրքիան դրական չի արձագանքել Հայաստանի հետ սահմանը բացելու կոչերին


2013թ. հունվարի 5-ին ԱՄՆ-ի Սպիտակ տան կայքում մեկնարկած ստորագրահավաք, որտեղ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային առաջարկվել է կոչ անել Թուրքիային սիրիահայերի առջև բացել հայ-թուրքական սահմանը
2013թ. հունվարի 5-ին ԱՄՆ-ի Սպիտակ տան կայքում մեկնարկած ստորագրահավաք, որտեղ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային առաջարկվել է կոչ անել Թուրքիային սիրիահայերի առջև բացել հայ-թուրքական սահմանը

«Ներկայում փախստականների ճամբարում գրանցված չէ որևէ սիրիահայ». Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ

«Թուրքիան դրական արձագանք չի տվել սիրիահայերի կողմից Հայաստան ժամանելու գործընթացը հեշտացնելու նպատակով Հայաստանի հետ սահմանը բացելու կոչերին»:

Այս մասին գրում է «Հուրիեթ» պարբերականը՝ մեջբերելով Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Սելջուք Յունալի կողմից ներկայացված գրավոր հաղորդագրությունը, որի համաձայն «Հայաստանից Սիրիայում ապրող հայերին հասցեագրված մարդասիրական օգնությունը փոխանցելու համար Թուրքիան տրամադրում է բոլոր տեսակի հնարավորություններ»:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 5-ին ԱՄՆ-ի Սպիտակ տան կայքում մեկնարկած ստորագրահավաքի համաձայն ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային առաջարկվել է կոչ անել Թուրքիային սիրիահայերի առջև բացել հայ-թուրքական սահմանը՝ առանց որևէ նախապայմանների:

«ԱՄՆ-ի Սպիտակ տան կայքում մեկնարկած ստորագրահավաքն ունի քաղաքական նպատակներ և չի արտացոլում տեղում ստեղծված իրականությանը», - ասել է արտգործնախարարության խոսնակը՝ հավելելով. «Երկրից հեռանալու դեպքում սիրիահայերը կգերադասեն օդային ճանապարհով տեղափոխվել Հայաստան Հաթայ նահանգից, այլ ոչ թե անցնել մի քանի հազար կիլոմետր երկարությամբ ցամաքային ճանապարհը»:

Արտգործնախարարության խոսնակ Յունալն ասել է նաև, թե Թուրքիան պատրաստ է ոչ մահմեդական փախստականների համար նախատեսված փախստականների հատուկ ճամբար բացել, սակայն նման անհրաժեշտություն դեռևս չկա:

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակը տեղեկացրել է, որ սիրիացի փախստականների ճամբարներում առկա են ոչ մահմեդական որոշ թվով անձինք, և Թուրքիան պատրաստ է հատուկ ճամբար հատկացնել նրանց համար, եթե ոչ մահմեդական փախստականների թիվը Թուրքիայում ավելանա, և նրանք դիմեն՝ նման ճամբար բացելու պահանջով:

«Ներկայում փախստականների ճամբարում գրանցված չէ որևէ սիրիահայ», - տեղեկացրել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակը:
XS
SM
MD
LG