Մատչելի հղումներ

Թուրքիայի պատվիրակությունը Վաշինգտոնում քննարկել է հայ-թուրքական հարաբերությունները


Թուրքիայի խորհրդարանի մի պատվիրակություն Վաշինգտոնում վերջին մի քանի օրերին հանդիպումներ է ունեցել ԱՄՆ-ի պաշտոնատար տարբեր անձանց հետ ու քննարկել նաեւ հայ-թուրքական հարաբերություններին ու Ղարաբաղյան հիմնախնդիրը լուծելու գործընթացին վերաբերող հարցեր։ Հինգ օր տեւած հանդիպումները կենտրոնացել են նաեւ Կովկասյան տարածաշրջանի, Մերձավոր Արեւելքի եւ թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա։

Պատվիրակության կազմում են եղել Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը, իշխող կուսակցության արտաքին հարաբերությունների փոխնախագահը, Եւրամիջերկրածովյան խորհրդարանական համագումարի թուրքական խմբի ղեկավարը եւ արտաքին քաղաքականության հարցերով, Թուրքիայի վարչապետի խորհրդականը։

Հանդիպումներից հետո պատվիրակության անդամները հայտարարել են, թե իրենք քննարկել են հայ-թուրքական հարաբերություններին եւ Քրդստանի աշխատավորական կուսակցությանը վերաբերող հարցեր, եւ ավելացրել, որ չնայած իրենց քաղաքականությունը հստակ է ու խաղաղասեր, այն ՝՝երբեմն չի արժանանում համապատասխան հարգանքի՛՛։

Պատվիրակության անդամները տեղեկացրել են նաեւ, որ հանդիպումների ժամանակ իրենք ամերիկյան կողմին են ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հարցը եւ հայ-թուրքական հարաբերությունները միմյանց կապելու իրենց բացատրությունը։

Նրանց խոսքերով, ՝՝պատմությունը ցույց կտա տարածաշրջանում Թուրքիայի խաղաղասեր քաղաքականության դրական ազդեցությունը՛՛։

ԱՄՆ-ի նախկին կոնգրեսական, ներկայումս Մերձավոր Արեւելքի խաղաղության կենտրոնի նախագահ Ռոբերտ Ուեքսլերը, որը մի քանի օր առաջ Վաշինգտոնում կազմակերպել էր Թուրքիայի հարցով մի գիտաժողով, ասել է, որ եթե Ղարաբաղյան խնդիրը լուծված լիներ, այժմ շատ հեշտ էր լինելու հայ-թուրքական հաշտեցման գործընթացը։

XS
SM
MD
LG