Մատչելի հղումներ

Թունիսում մեկնարկել է «Սիրիայի ժողովրդի բարեկամների» համաժողովը


Թունիսում մեկնարկել է «Սիրիայի ժողովրդի բարեկամների» համաժողովը

Ավելի քան 70 երկրների և կազմակերպությունների ներկայացուցիչներ այսօր մեկնարկել են Թունիսի մայրաքաղաք Թունիսում անցկացվող համաժողովը, որը նպատակ է հետապնդում օժանդակություն ցուցաբերել Սիրիայի ընդդիմադիր ուժերին:

Համաժողովի օրակարգում կարևոր տեղ է զբաղեցնում նաև Սիրիայում բռնություններից տուժող քաղաքացիական անձանց օգնության տրամադրման ուղիների հարցը:

Թունիսում անցկացվող հանդիպումը լինելու է «Սիրիայի ժողովրդի բարեկամներ» շարժման առաջին հանդիպումը: Շարժումը ձևավորվել է ի պատասխան Ռուսաստանի և Չինաստանի կողմից Սիրիայի կառավարությանը դատապարտող ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի նկատմամբ վետոյի իրավունքի կիրառման:

«Սիրիայի ժողովրդի բարեկամներ» շարժումը զրկված է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի իրավասություններից, սակայն հույս ունի, որ ճնշման և համոզելու մարտավարություն կիրառելու միջոցով հնարավոր կդառնա ստիպել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին թույլատրել մարդասիրական օգնության տրամադրումը և վերջ տալ նախագահի ընտանիքի Սիրիայում իշխանության ավելի քան 30 տարի տևող «մենաշնորհին»:

Թունիսում անցկացվող հանդիպմանն ընդառաջ Միացյալ Նահանգների արտգործնախարար Քլինթընն ասել է, որ համաժողովը կարտացոլի Սիրիայում փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտության շուրջ միջազգային հանրության համաձայնությունը, և հուս է հայտնել, որ համաժողովին կհաջողվի ճնշում գործադրել Սիրիայի նախագահի վրա՝ վերջինի կողմից փոփոխությունների իրականացմանը համաձայնելու նպատակով:

ԱՄՆ-ի արտգործնախարարի խոսքերով, «Սիրիայի ժողովրդի բարեկամներ»-ի համաժողովը որոշ չափով ուղղված է Սիրիայի իշխանությունների հիմնական աջակիցների դեմ:

«Ռուսաստանի և Չինաստանի նման պետությունների վրա գործադրվող ճնշումը կավելանա, քանի որ միջազգային հանրությունը չի կարող մնալ անտարբեր: Արաբական պետությունների համար ընդունելի չէ այն հանգամանքը, որ երկու պետություն՝ մեկը՝ առևտրային, մյուսը՝ և՛ առևտրային, և՛ գաղափարախոսական նկատառումներից ելնելով, օժանդակություն են տրամադրում մի վարչակարգի, որն արհամարհում է միջազգային արդի իրավունքի բոլոր նորմերը», - նշել է ԱՄՆ-ի արտգործնախարար Քլինթընը:

XS
SM
MD
LG