Մատչելի հղումներ

Ցառնաևի ընկերների դատավարությունը կանցկացվի հունիսին


Ղազախստանի երկու քաղաքացիներին և մեկ ամերիկացուն մեղադրում են Բոստոնի մարաթոնի ընթացքում պայթյունների գործի հետ կապված ապացույցները թաքցնելու մեջ

Բոստոնի մարաթոնի ընթացքում պայթյունների իրականացման մեջ մեղադրվող Ջոխար Ցառնաևի համալսարանական երեք ընկերները կկանգնեն դատարանի առջև այս տարվա հունիսին:

ԱՄՆ-ի դաշնային դատավոր Դագլաս Ուոդլոքը մերժել է մեղադրանքի կողմի, ինչպես նաև մեղադրյալներից երկուսի՝ ղազախստանցի Դիաս Քադիրբաևի և ամերիկացի Ռոբել Ֆիլիպոսի դիմումը, որտեղ նրանք խնդրում էին դատավարությունը հետաձգել մինչև հաջորդ տարի՝ Բոստոնի մարաթոնի ընթացքում իրականացված պայթյունների գործով մի քանի միլիոն էջ կազմող նյութերի հետ փաստաբաններին ծանոթանալու հնարվորություն տալու նպատակով:

Դաշնային դատավորի որոշմամբ՝ դատավարությունը կմեկնարկի Բոստոնի դաշնային դատարանում այս տարվա հունիսի 23-ին:

Նախնական լսումների ընթացքում դատավոր Ուոդլոքը խոստացել է «բավականին արագ» անցնել գործի քննությանը:

Մեղադրանքի կողմի վարկածի համաձայն, Ջոխար Ցառնաևի երեք ընկերներն իր խնդրանքով Մասաչուսեթսի Դարթմուտի համալսարանի հանրակացարանում վերջինիս սենյակից դուրս էին բերել պայթուցիկ նյութեր պարունակող մի ուսապարկ և համակարգիչ այն ընթացքում, երբ ԱՄՆ-ի ՀԴԲ-ի գործակալներն իրականացնում էին Ցառնաև եղբայրների որոնողական աշխատանքները և հրապարակել էր նրանց լուսանկարները:

19-ամյա Դիաս Քադիրբաևին ու Ազամաթ Թաժայակովին, մեղավոր ճանաչելու դեպքում, սպառնում է 25 տարվա ազատազրկում կամ վտարում Միացյալ Նահանգներից:

Ամերիկացի Ռոբել Ֆիլիպոսին մեղադրում են կեղծ ցուցմունքներ տալու մեջ:

Բոլոր երեք մեղադրյալները հրաժարվել են իրենց մեղավոր ճանաչելուց:

Բոստոնի մարաթոնի ընթացքում ինքնաշեն երկու ռումբի պայթյունների իրականացման հետևանքով զոհվել էր երեք, վնասվածքներ ստացել՝ 264 մարդ: Այս պայթյունները դարձել էին Միացյալ Նահանգների տարածքում 2001 թվականի սեպտեմբերի 11-ին իրականացված հարձակումներից հետո ահաբեկչական ամենախոշոր հարձակումը:
XS
SM
MD
LG