Մատչելի հղումներ

Բրազիլիայի իշխանությունները հրաժարվել են ուղևարձը բարձրացնելու ծրագրերից


Բրազիլիայի խոշորագույն երկու քաղաքների ղեկավարությունը հրաժարվել է հասարակական տրանսպորտի ուղևարձը բարձրացնելու ծրագրերից: Նման ծրագրերը դարձել էին Հարավային Ամերիկայի ամենախոշոր երկրում անցկացվող հակակառավարական ցույցերի պատճառը:

Հասարակական տրանսպորտի ուղևարձը բարձրացնելու ծրագրերից հրաժարվելու մասին հայտնել էին Սան Պաուլու և Ռիո դե Ժանեյրո քաղաքների իշխանությունները: Բրազիլիայի մի քանի այլ քաղաքների իշխանություններն արդեն իսկ դադարեցրել են ուղևարձների գների բարձրացման ծրագրերը:

Չնայած դրան՝ Բրազիլիայում շարունակվել էին բողոքի ցույցերը: Ռիո դե Ժանեյրոյի հարևանությամբ գտնվող Նիթերոյ քաղաքում տեղի են ունեցել հարյուրավոր ցուցարարների բախումները ոստիկանության հատուկ ուժերի հետ այն ժամանակ, երբ ցուցարարները փորձել են արգելափակել երթևեկությունը քաղաքը Ռիո դե Ժանեյրոյի հետ միացնող կամուրջով:

Երկրում չդադարող ցույցերի պատճառն է դարձել ժողովրդի զայրույթն այս ամսվա ընթացքում անցկացվող Կոնֆեդերացիայի գավաթի ֆուտբոլի առաջնության և գալիք տարի ֆուտբոլի աշխարհի առաջնությունն ընդունելու համար նոր մարզահրապարակների կառուցմանն ուղղված հսկայական միջոցների հատկացումը: Ցուցարարների համաձայն, որոնցից շատերը պատկանում են Բրազիլիայում աճող միջին դասին, երկրի իշխանություններն անտեսում են հանրային ծառայությունները և պաշտոնյաների գնալով է՛լ ավելի խորացող կաշառակերության խնդիրը:
XS
SM
MD
LG