Մատչելի հղումներ

Հոնգկոնգում հարգել են Տյանանմենի զոհերի հիշատակը


Չինաստանի կառավարությունն ամեն տարի խոչընդոտում է սպանությունների զոհերի հիշատակը հարգելու ժողովրդավարության ջատագովների փորձերը

Հոնկոնգի տասնյակ հազարավոր բնակիչներ, չնայած հորդառատ անձրևի, մասնակցել են Պեկինի Տյանանմեն հրապարակում 24 տարի տեղի ունեցած բռնությունների զոհերի հիշատակի արարողության:

Չինաստանի մայրաքաղաքի գլխավոր հրապարակում ժողովրդավարական շարժման բռնի եղանակով դադարեցնելու զոհերի Հոնկոնգում կայացած հիշատակի ամենամյա արարողության կազմակերպիչների համաձայն, արարողությանը մասնակցել է, տարբեր տվյալների համաձայն, մոտ 150 հազար մարդ:

Պեկինում 24 տարի առաջ նույն օրը՝ հունիսի 4-ին, Չինաստանի զորքերը, հրասայլերի աջակցությամբ, ցրել էին ուսանողների կողմից կազմակերպված բողոքի ցույցը: Բռնությունների ընթացքում զոհվել էին հարյուրավոր, իսկ որոշ տեղեկությունների համաձայն՝ հազարավոր մարդիկ: Չինաստանի կառավարությունն այս դեպքը համարում է «հակահեղափոխական ապստամբություն» և ամեն տարի խոչընդոտում է սպանությունների զոհերի հիշատակը հարգելու ժողովրդավարության ջատագովների փորձերը:

Մեծ Բրիտանիայի նախկին գաղութ Հոնկոնգը Չինաստանի կառավարման տակ 1997 թվականին վերադառնալուց ի վեր պահպանել է ցույցեր անցկացնելու ազատությունը: Հիշատակի վերջին արարողության մասնակիցները խոստացել են երբեք չմոռանալ նրանց, ովքեր սպանվել են Տյանանմեն հրապարակում, և շարունակել պայքարել Հոնկոնգի իրավունքների պահպանման համար:

Չինաստանի մայրաքաղաքում ոստիկանության ուժերը պահակային ծառայություն էին իրականացնում հասարակական ճանաչված վայրերի մոտակայքում՝ բողոքի հնարավոր ցույցերն արագ կանխելու նպատակով: Չինաստանի բազմաթիվ ակտիվիստներ Տյանանմենի իրադարձությունների նախօրեին արդեն իսկ ձերբակալվել են, տնային կալանքի կամ էլ անընդհատ վերահսկման տակ են գտնվում:
XS
SM
MD
LG