Մատչելի հղումներ

Թբիլիսիում տեղի ունեցած ջրհեղեղի պատճառով կան զոհեր


Հորդառատ անձրևի պատճառով փլուզվել է Թբիլիսիի Սուրբ Նշան հայկական եկեղեցու պատերից մեկը

Թբիլիսիում հորդառատ անձրևի պատճառով երկուշաբթի օրը՝ մայիսի 14-ին փլուզվել է քաղաքի հայկական Սուրբ Նշան եկեղեցու պատերից մեկը:

Վրաստանի մայրաքաղաքում շաբաթ լույս կիրակի գիշերվա ընթացքում տեղացած հորդառատ անձրևի պատճառով զոհվել է հինգ մարդ, որոնց թվում կա երկու երեխա: Զոհվածներն ապրում էին բնակության համար հարմարեցված ավտոտնակներում:

Նախնական հաշվարկների համաձայն, ջրհեղեղը հասցրել է մի քանի միլիոն լարիի՝ ավելի քան մեկ ու կես միլիոն դոլարի վնաս, սակայն Թբիլիսիի քաղաքապետարանի ներկայացուցիչները դժվարանում են ճշգրիտ թիվ ներկայացնելուց:

Օրթաչալայի ՀԷԿ-ի ղեկավարության համաձայն, զոհերի պատճառներից մեկը դարձել էր ջրահեռացման կոլեկտորների խցանումը:

«Կոլեկտորները չէին ապահովել սարերի լանջերից հոսող ջրի հեռացումը: Դա կարող էր տեղի ունենալ տարբեր պատճառներով, ներառյալ այն, որ ջրի ուժեղ հոսանքի պատճառով բերված ծառերի ճյուղերը, տերևներն ու քարերը կարող էին խցանել կոլեկտորները, և, այսպիսով, դեպի Մթքվարի գետը հեռացվող ջուրը դուրս էր թափվել քաղաքի փողոցներ», - ասել է Օրթաչալայի ՀԷԿ-ի տնօրենը:

Թբիլիսիի Օրթաչալայի շրջանը ժամանած երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հրահանգել է երկրի կառավարությանը մշակել բարաքային տեսակի շենքերի հեռացման ծրագիր:

«Հասկանում եմ, որ երկրի շրջաններից աշխատանք փնտրելու նպատակով մայրաքաղաք ժամանող մարդիկ էժան բնակարան են որոնում, սակայն նման պայմաններում ապրելն անթույլատրելի է», - ասել է նախագահ Սահակաշվիլին:

Վրաստանի իշխանությունների համաձայն, ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքները կավարտվեն մինչև մայիսի 15-ը:

XS
SM
MD
LG