Մատչելի հղումներ

Թալիբներն օգտագործում են Ղուրանի այրման միջադեպը՝ հարձակումներ հրահրելու նպատակով


Թալիբներն օգտագործում են Ղուրանի այրման միջադեպը՝ հարձակումներ հրահրելու նպատակով

Աֆղանստանում թալիբները կոչ են արել երկրի բնակչությանը հարձակումներ իրականացնել օտարերկրյա ռազմական հենակետերի ուղղությամբ՝ ՆԱՏՕ-ի ռազմակայաններից մեկում Ղուրանի գրքերն այրելու համար վրեժխնդիր լինելու նպատակով:

Թալիբները հորդորել են Աֆղնաստանի բնակիչներին սպանել, պատանդ վերցնել և ծեծի ենթարկել օտարերկրյա զինծառայողներին՝ որպեսզի դա նրանց «դաս լինի և մահեմական սուրբ գիրքն այլևս երբեք չպղծվի»:

Աֆղանստանում արդեն երրորդ օրն է շարունակվում են բողոքի ցույցերը՝ չնայած մեկ օր առաջ երկրի նախագահ Համիդ Քարզայը հորդորել է պահպանել հանգստություն և ասել, որ քաղաքացիներն ունեն իրենց բողոքն արտահայտելու իրավունք, սակայն չպետք է դիմեն բռնությունների:

Երկրի անվտանգության ուժերի և բողոքի ցույցերի մասնակիցների միջև երեքշաբթի օրվանից բռնկված բախումների զոհ է գնացել առնվազն յոթ մարդ:

Հարավային Ասիայի գծով Ինդիանայի համալսարանի վերլուծաբան Նազիֆ Շահրանին «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում նշել է, թե միայն Ղուրանի այրման հետ կապված միջադեպը չէ, որ դարձել է Աֆղանստանում անցկացվող բողոքի ցույցերի պատճառը:

«Մարդիկ գիտակցում են, որ Միացյալ Նահանգներն, ըստ էության, չի կատարել իր խոստումները, և բոլոր խոստումները կեղծ են եղել: Դա է Միացյալ Նահանգների դեմ ուղղված զայրույթի և հուսահատության իրական հիմքը: Հուսով ենք, որ Միացյալ Նահանգների կառավարությունն ավելի լայն միջոցներ կձեռնարկի այս խնդրի շուրջ, այլ ոչ թե պարզապես ներողություն կխնդրի «Բագրամ» ռազմակայանում տեղի ունեցածի համար», - ասել է Շահրանին:

XS
SM
MD
LG