Աֆղանստանում ուրբաթ օրը շարունակվել են հակաամերիկյան բողոքի ցույցերը, որոնց պատճառն է դարձել ՆԱՏՕ-ի ռազմակայաններից մեկում Ղուրանի հատորների այրման հանգամանքը:
Բողոքի ցույցերի ընթացքում տեղի ունեցած բռնությունների զոհ է գնացել առնվազն 13 մարդ:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ուղերձ է հղել Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզային՝ ներողություն խնդրելով «Բագրամ» ռազմակայանում մահմեդական սուրբ գրքի տեղի ունեցած պղծման համար:
Նախագահ Օբամայի համաձայն, «սխալը տեղի է ունեցել անուշադրության հետևանքով», և իշխանությունները համապատասխան քայլեր են ձեռնարկում՝ նման սխալներից ապագայում խուսափելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:
Աֆղանստանում ԱՄՆ-ի դեսպանությունը հորդորել է երկրում գտնվող ամերիկացիներին խուսափել անհրաժեշտություն չունեցող ճանապարհորդությունից:
ՆԱՏՕ-ն հինգշաբթի օրը հայտնել է, որ Աֆղանստանի բանակի համազգեստ կրող մի անձ երկրի Նանգարհար նահանգում Ղուրանի այրման դեմ անցկացվող բողոքի ցույցի ընթացքում կրակ է բացել դաշնակիցների զինծառայողների ուղղությամբ, որի հետևանքով զոհվել է ՆԱՏՕ-ի երկու զինծառայող:
Աֆղանստանում թալիբներն ավելի վաղ կոչ են արել երկրի բնակչությանը հարձակումներ իրականացնել օտարերկրյա ռազմական հենակետերի ուղղությամբ՝ Ղուրանի գրքերն այրելու համար վրեժխնդիր լինելու նպատակով:
Թալիբները հորդորել են Աֆղանստանի բնակիչներին սպանել, պատանդ վերցնել և ծեծի ենթարկել օտարերկրյա զինծառայողներին՝ որպեսզի դա նրանց համար «դաս լինի և մահմեդական սուրբ գիրքն այլևս երբեք չպղծվի»: