Մատչելի հղումներ

Թալիբները պատրաստ են խաղաղության բանակցություններ անցկացնել


Թալիբները պատրաստ են խաղաղության բանակցություններ անցկացնել

«Թալիբների քաղաքական թևը պատրաստ է Աֆղանստանում ընթացող պատերազմն ավարտի հասցնելու շուրջ բանակցություններ անցկացնել»:

Էլեկտրոնային փոստով երեքշաբթի օրը տարածված իրենց հայտարարությունում թալիբները հայտնել են, որ ցանկանում են ավելացնել պատերազմից արդեն երկար տարիներ տառապող երկրում խաղաղություն հաստատելուն ուղղված ջանքերը:

Հաղորդագրությունում թալիբները սակայն նշել են, որ դեմ են հանդես գալիս Աֆղանստանում գործող սահմանադրությանը, և «մարիոնետային» են անվանել նախագահ Համիդ Քարզայի կառավարությունը:

Թալիբների հաղորդագրությունը տարածվել է ԱՄՆ-ի բարձրաստիճան դիվանագետ Մարկ Գրոսմանի գլխավորած պատվիրակության կողմից հաջորդ շաբաթ Աֆղանստան կատարվող այցին ընդառաջ:

Գրոմանն ու իր գլխավորած պատվիրակությունը փորձելու են ստանալ թալիբների հետ խաղաղության բանակցություններ մենկարկելու Աֆղանստանի նախագահ Քարզայի թույլտվությունը:

Հիշեցնենք, որ այս ամսվա սկզբին Աֆղանստանի թալիբները հայտնել էին Քաթարում քաղաքական գրասենյակ բացելու շուրջ նախնական պայմանավորվածություն ձեռք բերելու մասին:

Թալիբների այս քայլի վերաբերյալ հայտարարությունը, որը կարող է նպաստել Աֆղանստանում պատերազմի ավարտի շուրջ բանակցությունների անցկացման, նույնպես տարածվել էր էլեկտրոնային փոստով:

ԱՄՆ-ի իշխանությունները վերջերս հանդես էին եկել հայտարարությամբ, ըստ որի Վաշինգտոնը պատրաստ է խաղաղության բանակցություններ վարել թալիբների հետ, և որ հնարավոր համաձայնության շրջանակներում կարող է իրականացվել ազատազրկման մեջ գտնվող թալիբների փոխանցումը:

Աֆղանստանի իշխանությունները դեմ էին հանդես գալիք Քաթարում թալիբների գրասենյակի բացման, սակայն նախագահ Համիդ Քարզայն ավելի ուշ հայտնել է, թե իր կառավարության համար ընդունելի է նման գրասենյակի հիմնադրումը:

XS
SM
MD
LG