Մատչելի հղումներ

Պակիստանը կոչ է արել թալիբներին մասնակցել խաղաղության բանակցություններին


Պակիստանը կոչ է արել թալիբներին մասնակցել խաղաղության բանակցություններին

Պակիստանը հորդորել է Աֆղանստանի թալիբներին բանակցությունների սեղան նստել այդ երկրի կառավարության հետ ՝ երկրում արդեն տասը տարի շարունակվող պատերազմին վերջ տալու ուղիների քննարկման նպատակով:

Պակիստանի վարչապետ Յուսուֆ Ռեզա Գիլանին ուրբաթ օրը ուղերձով դիմել է թալիբներին և Աֆղանստանի զինյալ այլ խմբավորումներին, ներառյալ «Հիզբ-է-իսլամի» խմբավորումը՝ հորդորելով վերջիններիս «մասնակցել Աֆղանստանում ազգային մերձեցման և երկրում խաղաղության հաստատման գործընթացին»:

Այս շաբաթվա սկզբին Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը կրկին առաջարկել է թալիբների առաջնորդներին անմիջական երկխոսություն սկսել իր կառավարության հետ և հավելել է, որ բանակցային գործընթացում Պակիստանի դերը չափազանց կարևոր է:

Ըստ նախկինում տարածված հաղորդագրությունների, թալիբների ներկայացուցիչները Քաթարում բանակցություններ են մեկնարկել Միացյալ Նահանգների իշխանությունների հետ, սակայն խմբավորումը բազմիցս հերքել է Աֆղանստանի կառավարության հետ բանակցություններ վարելու հնարավորությունը:

Աֆղանստանի պաշտոնատար անձինք դիմել են Պակիստանին՝ թալիբների բարձրաստիճան առաջնորդների հետ կապ հաստատելու գործում աջակցություն ցուցաբերելու խնդրանքով: Որոշ տվյալների համաձայն, թալիբների բարձրաստիճան առաջնորդները գտնվում են Պակիստանում, որը թալիբների հետ ունի պատմականորեն ձևավորված մտերիմ հարաբերություններ:

Պակիստանը սակայն բազմիցս հերքել է իր տարածքից զինյալների այս խմբավորման գործունեությունն իրականացնելու մասին տեղեկությունները:

XS
SM
MD
LG