Մատչելի հղումներ

Տաջիկստանում նախագահական ընտրություններ են անցկացվում


Ընտրություններում որպես Ռահմոնի մրցակից են հանդես գալիս հինգ քիչ հայտնի թեկնածու, որոնք որևէ սպառնալիք չեն ներկայացնում Ռահմոնի իշխանության համար

Տաջիկստանում չորեքշաբթի օրն անցկացվում են նախագահական ընտրություններ, որոնց արդյունքում ակնկալվում է երկրի գործող նախագահ Էմոմալի Ռահմոնի հաղթանակը:

Ընտրություններում որպես Ռահմոնի մրցակից են հանդես գալիս հինգ քիչ հայտնի թեկնածու, որոնք որևէ սպառնալիք չեն ներկայացնում Ռահմոնի իշխանության համար:

Ընդդիմության էական ուժ ներկայացնող միակ թեկնածուն չի կարողացել ապահովել այս ընտրություններում իր մասնակցությունը: Փորձագետները սակայն կարծում են, որ թույլ չտալով չափավոր ընդդիմության թեկնածու, 65-ամյա իրավապաշտպան Օյնիխոլ Բոբոնազարովային հավաքել ստորագրությունների անհրաժեշտ թիվն ու մասնակցել ընտրություններին, Տաջիկստանի իշխանությունները կարող են դեմ առ դեմ կանգնել տասնյակ հազարավոր զոհերի պատճառը դարձած 1992-ից 1997 թվականներին տեղի ունեցած քաղաքացիական պատերազմը վերապրած երկրի ընդդիմության ծայրահեղականացման խնդրի հետ:

«Կարծում ենք, որ պետական կառավարման համակարգը պետք է փոփոխության ենթարկվի ընտրությունների միջոցով, մենք հարգում ենք օրենքը, սակայն եթե մեր փոխարեն ասպարեզ դուրս գան ծայրահեղական տարրեր, ապա այս երևույթի համար պետք է մեղադրել ներկա իշխանություններին», - ասել է Օյնիխոլ Բոբոնազարովան՝ «Ռոյթերս» գործակալությանը տված հարցազրույցում:

Մոսկվայի աջակցությունը վայելող Ռահմոնը, ընդդիմախոսների կարծիքով, դեմ առ դեմ կանգնած է Տաջիկստանում հետզհետե սաստկացող սոցիալական լարվածության հետ, որի 8 միլիոն կազմող բնակչության գրեթե կեսն ապրում է աղքատության մեջ:

Տաջիկստանի մեկ միլիոնից ավելի քաղաքացի աշխատում է արտերկրում՝ իրենց ընտանիքներին փոխանցելով վաստակած գումարները:

ՆԱՏՕ-ի զորամիավորումները 2014 թվականին Աֆղանստանից դուրս բերելուց հետո Էմոմալի Ռահմոնի համար, բացի այդ, ևս մեկ վտանգ կարող են դառնալ Աֆղանստանում գործող զինյալները:
XS
SM
MD
LG