Մատչելի հղումներ

Սիրիայում նախագահական ընտրություններ են անցկացվում


Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը, հանդես գալով հեռուստատեսությամբ, «ողբերգական ֆարս» է անվանել Սիրիայում անցկացվող ընտրությունները

Սիրիայում երեքշաբթի օրն անցկացվում են նախագահական ընտրություններ, որոնց արդյունքում ակնկալվում է երկրի ներկայիս նախագահ Բաշար ալ-Ասադը գերակշռող մեծամասնությամբ հաղթանակը:

Սիրիայում գործող ապստամբները, երկրից վտարված Սիրիայի քաղաքական ընդդիմության գործիչները, Արևմուտքի տերությունները և Պարսից ծոցի արաբական պետությունները պնդում են, որ արժանահավատ ընտրություններ անհնար է անցկացնել մի երկրում, որի զգալի տարածքը չի վերահսկվում պետության կողմից, և որտեղ շարունակվող քաղաքական պատերազմի պատճառով միլիոնավոր մարդիկ փախստական են դարձել:

Նախագահական այս ընտրություններում որպես Բաշար ալ-Ասադի մրցակիցներ հանդես են գալիս քիչ հայտնի երկու թեկնածուներ, որոնք հաստատվել են Ասադի կողմնակիցների կողմից վերահսկվող խորհրդարանում: Այս ընտրությունները գրեթե հիսուն տարվա ընթացքում անցկացվող առաջին ընտրություններն են, որոնց ժամանակ Սիրիայի ժողովրդին ներկայացվել է մի քանի թեկնածուներից ընտրություն կատարելու հնարավորություն:

Ընտրություններում նախագահ Ասադի հետ միասին ներկայացվել են երկրում նախարարական պաշտոններ նախկինում զբաղեցրած Հասան ալ-Նուռիի և Սիրիայի խորհրդարանի անդամ Մահեր Հաջառի թեկնածությունները: Չի ակնկալվում սակայն, որ Ասադի մրցակիցները քվեարկության ընթացքում հավաքեն ընտրողների ձայների նշանակալի որևէ քանակություն:

Սիրիայում անցկացված վերջին յոթ նախագահական ընտրություններն ըստ էության եղել են Բաշար ալ-Ասադի և վերջինիս հոր՝ Հաֆեզ ալ-Ասադի կառավարմանը հավանություն արժանացնելու հանրաքվեներ: Հաֆեզ ալ-Ասադի հավանության ցուցանիշը միշտ եղել է 99 տոկոսից ոչ պակաս, իսկ յոթ տարի առաջ նախագահի պաշտոնում իր որդու հավանության ցուցանիշը կազմել է 97,6 տոկոս:

Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը, հանդես գալով հեռուստատեսությամբ, «ողբերգական ֆարս» է անվանել Սիրիայում անցկացվող ընտրությունները:

«Սիրիայի կառավարության կողմից վերահսկվող գոտում սիրիացիներն ունեն Բաշարի կամ Բաշարի միջև ընտրություն կատարելու հնարավորություն: Այս մարդուն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հացագործ է անվանել», - ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը:

Սիրիայի պաշտոնյաները սակայն պնդում են, որ երկրում անցկացվող ընտրություններում քվեարկողների մասնակցությունը «քաղաքական ուղերձ» է:

«Ահաբեկիչների զինված խմբավորումներն ակտիվացրել են իրենց սպառնալիքները, քանի որ նրանց սարսափեցնում են ընտրություններին մասնակցելու բարձր մակարդակները», - ասել է Սիրիայի տեղեկատվության նախարար Օմրան Զոաբին:
XS
SM
MD
LG