Մատչելի հղումներ

«Սիրիայի ազատ բանակը» չի մասնակցի Ժնևի խաղաղության բանակցություններին


Իրանը սակայն պատրաստ է «Ժնև-2» բանակցություններին մասնակցել առանց որևէ նախապայմանների

«Սիրիայի ազատ բանակը» հրաժարվել է Ժնևում գալիք տարվա հունվարին կայանալիք՝ Սիրիայում խաղաղություն հաստատելուն ուղղված բանակցություններին մասնակցելուց և նախատեսում է շարունակել երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի տապալմանն ուղղված պայքարը:

Այս հայտարարությամբ հանդես է եկել «Սիրիայի ազատ բանակի» հրամանատար, գեներալ Սալիմ Իդրիսը, որն ասել է նաև, որ «Ժնև-2 բանակցությունները վարելու համար պայմաններն այժմ պատշաճ չեն», և որ իր գլխավորած կազմակերպությունը չի նախատեսում զինադադար հայտարարել ո՛չ խաղաղության բանակցությունների անցկացման ժամանակ, ո՛չ էլ դրանցից հետո:

Սիրիայի ընդդիմության հիմնական «Սիրիայի ազգային դաշինք» կազմակերպությունը տեղեկացրել է այն մասին, որ դեռևս որոշում չի ընդունվել Ժնևում հունվարին կայանալիք բանակցություններին մասնակցելու մասին՝ միաժամանակ շեշտելով, որ նախագահ Ասադը որևէ դեր չպետք է ունենա երկրի քաղաքական ապագայի ձևավորման մեջ:

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը երեքշաբթի օրը սակայն հայտարարել է, որ Իրանը «Ժնև-2» բանակցություններին կմասնակցի առանց որևէ նախապայմանների:

«Մենք միշտ ասել ենք, որ եթե Իրանը մասնակցության հրավեր ստանա, ապա մենք կմասնակցենք առանց որևէ նախապայմանների: Իրանի համար Սիրիայում ծավալված ճգնաժամին լուծում գտնելուն ուղղված ջանքերի շարունակությունն ունի պետական կարևորություն: Այսպիսով, անկախ այն բանից, մենք հրավիրված կլինենք, թե ոչ, Իրանը կշարունակի աջակցություն ցուցաբերել Սիրիայի քաղաքական գործընթացին», - ասել է Իրանի արտգործնախարարը:

Սիրիայի կառավարությունն այս ընթացքում հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն այն կշարունակի «ահաբեկչության դեմ ուղղված պայքարը»:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մունը նախօրեին տեղեկացրել էր Սիրիայում խաղաղության հաստատման շուրջ բանակցությունները Ժնևում գալիք տարվա հունվարի 22-ին անցկացնելու շուրջ որոշման մասին:

Բան Կի-մունն ասել է, թե ակնկալում է Սիրիայում շարունակվող քաղաքացիական պատերազմին վերջ դնելու նպատակով կառավարության և ընդդիմության մասնակցությունը՝ հավելելով, որ «նման հնարավորությունը բաց թողնելն աններելի կլինի»:
XS
SM
MD
LG