Մատչելի հղումներ

Բազմաթիվ զոհեր Հալեպում՝ ապստամբների կողմից բացված հրթիռային կրակի հետևանքով


Սիրիայի կառավարական ուժերն իրենց հերթին կիրակի լույս երկուշաբթի գիշերվա ընթացքում տակառային ռումբեր են նետել Հալեպում ապստամբների կողմից վերահսկվող շրջանների ուղղությամբ

Սիրիայի Հալեպ քաղաքում կառավարական ուժերի կողմից վերահսկվող տարածքների ուղղությամբ ապստամբների իրականացրած հրթիռային հարվածների հետևանքով զոհվել է մոտ 50 մարդ:

Այս մասին տեղեկացրել է «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» իրավապաշտպան կազմակերպությունը, որի համաձայն ապստամբների կողմից շաբաթ և կիրակի օրերի ընթացքում բացված հրթիռային կրակի հետևանքով զոհվածների թվում կա ինը երեխա:

Սիրիայում նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ պայքար մղող ապստամբներն ավելի վաղ զգուշացրել էին, որ երկրում կայանալիք նախագահական ընտրություններից առաջ նախատեսում են ակտիվացնել պետական թիրախների դեմ ուղղված հարձակումները:

Սիրիայի կառավարական ուժերն իրենց հերթին կիրակի լույս երկուշաբթի գիշերվա ընթացքում տակառային ռումբեր են նետել Հալեպում ապստամբների կողմից վերահսկվող շրջանների ուղղությամբ: Այս հարձակման հետևանքով զոհվել է 13 մարդ:

Սիրիայում արդեն երեք տարի շարունակվող քաղաքացիական պատերազմից առաջ երկրի առևտրային կենտրոնը համարվող Հալեպ քաղաքում վերջին մի քանի շաբաթվա ընթացքում տեղի ունեցող բախումները սաստկացել են այն բանից հետո, երբ նախագահ Ասադին հավատարիմ ուժերին հաջողվել է հզորացնել վերահսկողությունը Սիրիայի կենտրոնական շրջանների նկատմամբ, այդ թվում՝ Հոմս քաղաքի նկատմամբ վերահսկողություն հաստատելուց հետո:
XS
SM
MD
LG