Մատչելի հղումներ

Սիրիայում խաղաղություն հաստատելու բանակցությունները փակուղի են մտել


ՄԱԿ-ի խաղաղության հանձնակատար Լախդար Բրահիմին շաբաթ օրը ներողություն է խնդրել Սիրիայի ժողովրդից այն բանից հետո, երբ Սիրիայի կառավարության և ընդդիմության միջև երկրում խաղաղություն հաստատելուն ուղղված բանակցությունները փակուղի են մտել

ՄԱԿ-ի խաղաղության հանձնակատար Լախդար Բրահիմին շաբաթ օրը ներողություն է խնդրել Սիրիայի ժողովրդից այն բանից հետո, երբ Սիրիայի կառավարության և ընդդիմության միջև երկրում խաղաղություն հաստատելուն ուղղված բանակցությունները փակուղի են մտել:

Բրահիմիի համաձայն, Սիրիայի ժողովուրդն ակնկալում էր, որ բանակցությունների ընթացքում հնարավոր կլինի ելք գտնել «երկրում ստեղծված մղձավանջային ճգնաժամից»:

Փոխարենը, ըստ ՄԱԿ-ի հանձնակատարի, Ժնևում Սիրիայի շուրջ անցկացված բանակցությունների երկու փուլերը «շատ օգտակար չեն եղել»:

Դեռևս պարզ չէ, թե երբ է նախատեսվում անցկացնել Սիրիայում խաղաղության հաստատմանն ուղղված բանակցությունների երրորդ փուլը:

Սիրիայի ընդդիմության պատվիրակությունն ուրբաթ օրն էր տեղեկացրել, որ կառավարության պատվիրակության հետ մի քանի օր առանց որևէ առաջընթացի գրանցման տևած բանակցությունները մտել են փակուղի:

Ընդդիմության խոսնակ Լուայ ալ-Սաֆին բանակցությունները փակուղի գցելու մեջ մեղադրել էր Սիրիայի կառավարության «ռազմատենչությունը»:

Սիրիայի փոխարտգործնախարար Ֆայսալ Միքդադն իր հերթին նշել է, որ բանակցությունների ընթացքում ընդդիմությունը «ոչ իրատեսական օրակարգ» է ներկայացրել:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ուրբաթ օրն ասել էր, որ Սիրիայում անհրաժեշտ է գտնել դիվանագիտական լուծում:

Նախագահ Օբաման կարծիք է արտահայտել այն մասին, որ Սիրիայում ծավալված ճգնաժամը հնարավոր չի լինելու կարգավորել դեռևս երկար ժամանակ, և որ անհրաժեշտ է ձեռնարկել Ասադի վարչակարգի նկատմամբ ճնշում գործադրելու լրացուցիչ քայլեր:
XS
SM
MD
LG