Մատչելի հղումներ

Սիրիայի կառավարությունը խաղաղության բանակցություններին մասնակցելու համաձայնություն է տվել


Սիրիայի արտգործնախարարությունը շեշտել է սակայն, որ երկրի նախագահ Բաշար ալ-Ասադն ու նրա կառավարությունը իշխանության փոխանցում չի իրականացնի

Սիրիայի կառավարությունը կմասնակցի տալիք տարվա հունվարին Ժնևում կայանալիք խաղաղության բանակցությունների:

Այս մասին տեղեկացրել է Սիրիայի արտգործնախարարությունը, որի համաձայն բանակցություններում կմասնակցի Սիրիայի կառավարության պատվիրակությունը:

Սիրիայի արտգործնախարարությունը շեշտել է սակայն, որ երկրի նախագահ Բաշար ալ-Ասադն ու նրա կառավարությունը իշխանության փոխանցում չի իրականացնի:

«Սիրիայի ազատ բանակը» նախօրեին հրաժարվել էր Ժնևում գալիք տարվա հունվարին կայանալիք՝ Սիրիայում խաղաղություն հաստատելուն ուղղված բանակցություններին մասնակցելուց և նախատեսում է շարունակել երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի տապալմանն ուղղված պայքարը:

«Սիրիայի ազատ բանակի» հրամանատար, գեներալ Սալիմ Իդրիսն ասել է նաև, որ «Ժնև-2 բանակցությունների ընթացքում իր հրամանատարությամբ գործող կազմակերպությունը չի նախատեսում զինադադար հայտարարել ո՛չ խաղաղության բանակցությունների անցկացման ժամանակ, ո՛չ էլ դրանցից հետո:

Սիրիայի ընդդիմության հիմնական «Սիրիայի ազգային դաշինք» կազմակերպությունը դեռևս որոշում չի կայացրել Ժնևում հունվարին կայանալիք բանակցություններին մասնակցելու մասին: «Սիրիայի ազգային դաշինք»-ը սակայն շեշտել է, որ նախագահ Ասադը որևէ դեր չպետք է ունենա երկրի քաղաքական ապագայի ձևավորման մեջ:

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը նախօրեին հանդես էր եկել հայտարարությամբ, որի համաձայն Իրանը «Ժնև-2» բանակցություններին կմասնակցի առանց որևէ նախապայմանների:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի-մուն երկուշաբթի օրը տեղեկացրել էր Սիրիայում խաղաղության հաստատման շուրջ բանակցությունները Ժնևում գալիք տարվա հունվարի 22-ին անցկացնելու շուրջ որոշման մասին:

Բան Կի-մունն ասել էր, թե ակնկալում է Սիրիայում շարունակվող քաղաքացիական պատերազմին վերջ դնելու նպատակով կառավարության և ընդդիմության մասնակցությունը, Ըստ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի, «նման հնարավորությունը բաց թողնելն աններելի կլինի»:
XS
SM
MD
LG