Մատչելի հղումներ

Հանդիպում Ժնեւում Սիրիայի հարցով


Բանակցություններ՝ Սիրիայի հարցով
Բանակցություններ՝ Սիրիայի հարցով

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական հինգ անդամ պետությունները Ժնեւում հանդիպում են անցկացնում փակ դռների հետեւում՝ բանակցելով միջազգային բանագնած Քոֆի Անանի խաղաղության ծրագիրը Սիրիայում ուժի մեջ դնելու հարցի շուրջ։ Հանդիպմանը մասնակցում են նաեւ արաբական մի շարք երկրների ներկայացուցիչներ։

Ժամանելով Ժնեւ՝ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ուիլյամ Հեյգը հորդորեց Ռուսաստանին ու Չինաստանին ընդունել Սիրիայում քաղաքական իշխանությունը փոփոխելու Արեւմտյան երկրների ծրագիրը։
Սիրիայում կայունություն հաստատելու համար, ըստ արտգործնախարարի, երկրի նախագահը պիտի հեռանա իշխանությունից։

Սիրիայի վաղեմի դաշնակից Ռուսաստանը շարունակ հայտարարում է, որ այս երկրի ճգնաժամը հարթելու գործը պիտի իրականացնեն սիրիացիները։ Նույն այս դիրքերում է Չինաստանը։

Ռուսաստանի ու ԱՄՆ-ի արտգործնախարարների միջեւ ուրբաթ օրը տեղի ունեցած հանդիպման ընթացքում կողմերը չէին եկել Սիրիայում բռնություններին վերջ տալու շուրջ համաձայնության։
Սերգեյ Լավրովն ավելի ուշ ասել էր, թե հույս ունի, որ շաբաթ օրն անցկացվող հանդիպման ժամանակ կգտնվեն համաձայնության եզրեր, քանի որ, նրա խոսքերով, Քլինթընի դիրքերում ինքը նկատել է որոշ փոփոխություն։

Սիրիայում սկսված ամբողջ այս ճգնաժամի ընթացքում Ռուսաստանը երբեք հանդես չի եկել Բաշար ալ Ասադի հրաժարականի պահանջով։ Իսկ այս երկրի ընդդիմությունը հայտարարում է, որ չի ընդունի քաղաքական որեւէ փոփոխություն՝ առանց Ասադի հրաժարականի։

XS
SM
MD
LG