Մատչելի հղումներ

Սիրիայի իշխանությունները զինադադար հաստատելու հայտարարությամբ հանդես կգան


Սիրիայի փոխվարչապետ Քադրի Ջամիլ (արխիվային լուսանկար)
Սիրիայի փոխվարչապետ Քադրի Ջամիլ (արխիվային լուսանկար)

Սիրիայի փոխվարչապետի համաձայն, Ժնևում կայանալիք համաժողովի ընթացքում Սիրիայի կառավարությունը նախատեսում է առաջարկել «դադարեցնել արտաքին միջամտությունը և մեկնարկել քաղաքական խաղաղ գործընթաց»

Սիրիայի իշխանությունները զինադադար հաստատելու կոչով են նախատեսում հանդես գալ ՄԱԿ-ի կողմից կազմակերպվող՝ երկրում չդադարող քաղաքացիական պատերազմին վերջ տալու նպատակ հետապնդող համաժողովի ընթացքում:

Սիրիայի փոխվարչապետ Քադրի Ջամիլի համաձայն, հակամարտությունը փակուղի է մտել, քանի որ ո՛չ Սիրիայի կառավարությունը, ո՛չ էլ ապստամբները բավարար ուժեր չունեն՝ միմյանց նկատմամբ հաղթանակ տանելու համար:

Փոխվարչապետ Ջամիլի համաձայն, Ժնևում արդեն երկար ժամանակ նախատեսվող խաղաղության համաժողովի ընթացքում Սիրիայի կառավարությունը, բացի այդ, նախատեսում է առաջարկել «դադարեցնել արտաքին միջամտությունը և մեկնարկել քաղաքական խաղաղ գործընթաց»:

Այս ընթացքում Արևմուտքի աջակցությունը վայելող Սիրիայի ընդդիմության հիմնական կազմակերպությունը դատապարտել է ապստամբների շարքում գործող իսլամիստ ծայրահեղականներին:

«Սիրիայի ազգային դաշինք»-ն ուրբաթ օրը հանդես է եկել հայտարարությամբ, որի համաձայն «ալ-Քաիդա»-ի հետ կապեր ունեցող մարտիկների վարքը «հակասում է Սիրիայի հեղափոխությանը»:

«Սիրիայի ազգային դաշինք»-ը մասնավորապես մեղադրել է «Իրաքում և Լևանտում իսլամական պետություն» խմբավորումը Սիրիայի ընդդիմության այլ ուժերի դեմ մղած մարտի արդյունքում Թուրքիայի հետ սահմանամերձ Ազազ քաղաքը գրավելու մեջ:

Սիրիայի ընդդիմության հիմնական կազմակերպության կողմից տարածված հայտարարության մեջ ասված է, որ «Իրաքում և Լևանտում իսլամական պետություն» խմբավորումը «օտարերկրյա պետությունների շահեր» է հետապնդում և «վերջին ամիսների ընթացքում բազմիցս բռնի գործողությունների է դիմել խաղաղ բնակիչների, բժիշկների, լրագրողների և քաղաքական ակտիվիստների նկատմամբ»:
XS
SM
MD
LG