Մատչելի հղումներ

Քերին և Լավրովը պայմանավորվել են Ժնևյան գործընթացի մաս դարձնել Սիրիայում քիմիական զենքի խնդիրը


ԱՄՆ-ի և Ռուսաստանի արտգործնախարարները կրկին կհանդիպեն Նյու Յորքում այս ամսվա վերջին

ԱՄՆ-ը և Ռուսաստանը պայմանավորվել են շարունակել Սիրիայում հակամարտությունը կարգավորմանն ուղղված լայնածավալ աշխատանքները և Ժնևյան գործընթացի մաս դարձնել Սիրիայի քիմիական զինանոցի ոչնչացման հարցը:

Այս մասին ուրբաթ օրը հաղորդել են ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին և Ռուսաստանի իր գործընկեր Սերգեյ Լավրովը, որոնք ավարտի են հասցրել Սիրիայի խնդրի շուրջ Ժնևում բանակցությունների հերթական փուլը:

Բանակցությունների ընթացքում անցկացված վերջին նիստի ժամանակ ԱՄՆ-ի և Ռուսաստանի արտգործնախարարներին միացել էր ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի գլխավոր հանձնակատար Լախդար Բրահիմին:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ-ի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հաղորդել են, որ ձեռք են բերել սեպտեմբերի 28-ին Նյու Յորքում հանդիպելու մասին պայմանավորվածություն: Հանդիպումը, ըստ արտգործնախարարների, կանցկացվի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում:

Ժնևում բանակցություններն այս ընթացքում կշարունակվեն փորձագետների մակարդակով:

«Մենք պայմանավորվել ենք շարունակել սկսված համատեղ աշխատանքը, սկսած քիմիական զենքի շուրջ նախաձեռնությունից՝ հուսով, որ մեր ջանքերը կլինեն արդյունավետ, և խաղաղությունն ու կայունությունը կվերահաստատվեն պատերազմից ավերված այս երկրում», - ասել է ԱՄՆ-ի արտգործնախարար Քերին՝ միաժամանակ զգուշացնելով, որ Վաշինգտոնը կարող է Սիրիայի ուղղությամբ հարված հասցնելու մասին որոշում կայանցել այն դեպքում, եթե եզրակացնի, որ Դամասկոսը չի կատարում իր ստանձնած պարտականությունները:

Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը սակայն նշել է, որ բանակցային գործընթացը կվերացնի նման հարվածներ հասցնելու անհրաժեշտությունը:

ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի գլխավոր հանձնակատար Լախդար Բրահիմին, որն աշխատում է Սիրիայի ճգնաժամի քաղաքական կարգավորմանն ուղղված համաժողովի կազմակերպման վրա, իր հերթին նշել է, որ Սիրիայում քիմիական զենքի խնդիրն այժմ կդառնա այդ երկրում խաղաղության հաստատման բանակցային ավելի լայն գործընթացի մաս, որը մեկնարկել էր անցյալ տարի Ժնևում:

Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինն ուրբաթ օրը ողջունել է Քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիային միանալու Սիրիայի իշխանությունների որոշումը: Պուտինի համաձայն, որոշումը «Սիրիայում ճգնաժամի լուծման ճանապարհին կատարված լուրջ քայլ է»:

«Սիրիայի մեր գործընկերների որոշումը հաստատում է այս ճանապարհով ընթանալու նրանց մտադրության լրջությունը», - նշել է Պուտինը:
XS
SM
MD
LG