Մատչելի հղումներ

Սիրիայի ապստամբները Հալեպում գրավել են «ալ-Քաիդա»-ի ռազմակայաններից մեկը


Հալեպում ջաիհադիստների ռազմակայանը գրավելուց հետո ընդդիմության մարտիկներն ազատ են արձակել այնտեղ ազատազրկման մեջ գտնվող բազմաթիվ մարդկանց

Սիրիայի հյուսիսային Հալեպ քաղաքում ակտիվիստներին հաջողվել է վերահսկողություն հաստատել «ալ-Քաիդա»-ի հետ կապեր ունեցող զինյալների ռազմակայանի նկատմամբ այն ընթացքում, երբ երկրում արդեն վեցերորդ օրն է, ինչ շարունակվում են բախումները երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ պայքար մղող խմբավորումների միջև:

Մեծ Բրիտանիայից իր գործողությունն իրականացնող «Սիրիայում մարդու իրավունքների դիտակետ» կազմակերպության համաձայն, չափավոր և իսլամիստական հայացքներին հարող ապստամբների խմբավորումների դաշինքը վերահսկողություն է հաստատել ռազմակայանի նկատմամբ՝ «ալ-Քաիդա»-ի հետ կապեր ունեցող «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման դեմ իրականացրած գործողությունների արդյունքում:

Ըստ հաղորդագրությունների, Հալեպում ջաիհադիստների ռազմակայանը գրավելուց հետո ընդդիմության մարտիկներն ազատ են արձակել այնտեղ ազատազրկման մեջ գտնվող բազմաթիվ մարդկանց:

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման խոսնակ Աբու Մոհամմեդ ալ-Ադնանին այս ընթացքում կոչ է արել իր խմբավորման ուժերին «ջախջախել» ապստամբների մրցակից խմբավորումները: Ալ-Ադնանին, բացի այդ, հանդես է եկել Սիրիայի ընդդիմության հիմնական խմբավորման՝ «Սիրիայի ազգային դաշինքին», ինչպես նաև Արևմուտքի աջակցությունը վայելող «Սիրիայի ազատ բանակին» պատերազմ հայտարարելու մասին հայտարարությամբ:

Սիրիայում «ալ-Քաիդա»-ի պաշտոնական «ներկայացուցիչը» համարվող «Ալ-Նուսրա ճակատ» խմբավորումը հորդորել է ընդդիմության խմբավորումներին զինադադար հայտարարել միմյանց միջև պայքարում՝ նշելով, որ ներքին տարաձայնությունները միայն ուժեղացնում են Ասադի կառավարությունը:
XS
SM
MD
LG