Մատչելի հղումներ

Սիրիայի վարչապետը փախուստի է դիմել Հորդանան


Սիրիայի նախկին վարչապետ Ռիյան Հիջաբ (արխիվային լուսանկար)
Սիրիայի նախկին վարչապետ Ռիյան Հիջաբ (արխիվային լուսանկար)

«Ես հայտարարում եմ ազատության և արժանապատվության հեղափոխության շարքերին միանալու մասին», - ասել է Սիրիայի նախկին վարչապետը

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կառավարությունը երկուշաբթի օրը մեծ կորուստ է կրել այն բանից հետո, երբ երկրի վարչապետ Ռիյան Հիջաբն իր ընտանիքի հետ փախուստի է դիմել Հորդանան՝ այս պաշտոնում նշանակվելուց ընդամենը երկու ամիս անց:

Հիջաբի համաձայն, ինքը միացել է ընդդիմությանը, իսկ Սիրիայի պետական լրատվամիջոցները պնդում են, թե վարչապետն ազատվել է աշխատանքից:

«Այսօր ես հանդես եմ գալիս մարդասպան և ահաբեկիչ վարչակարգը լքելու և հայտարարում եմ ազատության և արժանապատվության հեղափոխության շարքերին միանալու մասին», - հաղորդել է «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությունը՝ ընթերցելով հայտարարությունը Սիրիայի արդեն նախկին վարչապետի անունից:

Սիրիայի պետական հեռուստատեսությունը սակայն պնդում է, որ Հիջաբն ազատվել է աշխատանքից և իր պաշտոնում փոխարինվել փոխվարչապետ Օմար Ղալավանիի կողմից:

Սիրիայի վարչապետի Հորդանան փախուստի մասին լուրերից ժամեր առաջ այս երկրի լրատվամիջոցները հայտնել են Դամասկոսում պետական հեռուստատեսության շենքում ռումբի տեղի ունեցած պայթյունի մասին: Պայթյունի հետևանքով վնասվածքներ է ստացել մի քանի մարդ:

Հեռուստաընկերությունն այնուամենայնիվ շարունակել է հաղորդումների հեռարձակումը:

Սիրիայի ընդդիմությունը երկուշաբթի օրը հայտնել է Հալեպում կառավարական ուժերի կողմից շարունակվող հարձակումների մասին:
XS
SM
MD
LG